Իտալիայի մի բնակիչ, որը սխալմամբ աղբն էր նետել 1 մլն եվրո արժողությամբ շահած վիճակախաղի տոմսը (մոտ 1,17 մլն դոլար), այնուամենայնիվ կկարողանա ստանալ իր մրցանակը՝ շնորհիվ կոմունալ ծառայության աշխատակիցների, որոնք տոմսը գտել են երկօրյա որոնումներից հետո, հայտնում է Ansa-ն։
Դեպքը տեղի է ունեցել երկրի հարավում գտնվող Բիտոնտո քաղաքում։ Տղամարդը տոմսը ստուգել էր խանութում, որտեղ նրան հայտնել էին, որ այն «վճարման ենթակա չէ»։ Կարծելով, թե տոմսը ոչինչ չի շահել, նա այն նետել էր աղբամանը։
Միայն տանը հարազատները ուշադրություն են դարձրել, որ դուրս էին եկել նրա սիրելի թվերը՝ 2, 4, 8, 10 և 51։ Այդ ժամանակ տղամարդը հասկացել է, որ սխալ է մեկնաբանել տերմինալի հաղորդագրությունը։ Ինչպես ավելի ուշ պարզաբանել են SANB աղբահանության ընկերությունում, «վճարման ենթակա չէ» գրությունը հայտնվում է այն դեպքում, եթե շահման գումարը չափազանց մեծ է, և խանութը չի կարող տեղում գումարը տրամադրել։
Այդ պահին աղբն արդեն հասցրել էին դուրս տանել։ SANB-ի տնօրեն Ռոբերտո Նիկոլա Տոսկանոյի խոսքով՝ սկսվել էին երկօրյա որոնումներ՝ «փոքրիկ թղթի կտորը թափոնների կույտի մեջ» գտնելու համար։
Բարեբախտաբար, որոնումները սկսվել էին կիրակի, և աղբատարը դեռ չէր հասցրել թափոնները հասցնել աղբավայր։ Մեքենան ուղղորդել էին հատուկ հարթակ, որտեղ աշխատակիցները ձեռքով զննում էին աղբը։
Երեքշաբթի առավոտյան աշխատակիցներից մեկին հաջողվել է գտնել տոմսը։
«Այն ընկած էր պատռված տոպրակի մեջ՝ այլ վնասված տոմսերի հետ միասին։ Սա այն քչերից էր, որ պահպանվել էր ամբողջական», — Ansa գործակալությանը պատմել է Տոսկանոն։
Որոնողական գործողության ծախսերը կվճարի հաղթողը։ Մինչ աշխատանքների մեկնարկը նա ստորագրել էր բոլոր ծախսերը փոխհատուցելու պարտավորագիր։
Տոսկանոն նշել է, որ բախտը ժպտացել է նաև հենց կոմունալ ծառայության աշխատակիցներին․ նրանք կատակով գնել էին վիճակախաղի տոմս և շահել 50 եվրո (մոտ 58 դոլար)։