Թրամփի մաքսատուրքերը ԱՄՆ բյուջեի համար վերածվել են վճարումների․ ընկերություններին վերադարձվել է 100 մլրդ դոլար

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմն ամերիկյան ընկերություններին վերադարձրել է մոտ 100 մլրդ դոլար, որոնք վճարվել էին այսպես կոչված «Ազատագրման օրվա մաքսատուրքերի» շրջանակում, հայտնում է BBC News-ը։

ԱՄՆ Մաքսային և սահմանային պաշտպանության ծառայության տվյալներով, որոնք հրապարակվել են դատական փաստաթղթում, այս գումարը կազմում է կառավարության սահմանած մաքսատուրքերից ստացված բոլոր եկամուտների մոտ 60%-ը։

Միևնույն ժամանակ, միջոցների զգալի մասը դեռևս մնում է չվճարված։ Մոտ 29 մլրդ դոլարի վերադարձներն առևտրային գերատեսչությունների ստուգման փուլում են, ևս 1,6 մլրդ դոլարը չի կարող փոխանցվել, քանի որ ներմուծողները չեն տրամադրել բանկային տվյալներ։

Վերադարձները սկսվել են ԱՄՆ Գերագույն դատարանի որոշումից հետո, որը փետրվարին անօրինական է ճանաչել ներմուծման լայնածավալ մաքսատուրքերը, որոնք Թրամփի վարչակազմը սահմանել էր 1977 թվականի «Միջազգային արտակարգ տնտեսական լիազորությունների մասին» օրենքի (IEEPA) հիման վրա։

Սպիտակ տունը նախկինում հայտարարել էր, որ այս օրենքը նախագահին իրավունք է տալիս կարգավորել առևտուրը արտակարգ իրավիճակի պայմաններում։ Սակայն մաքսատուրքերի սահմանումը կտրուկ արձագանք էր առաջացրել երկրի ներսում և արտերկրում․ ընկերությունները զգուշացնում էին ներմուծման ծախսերի աճի և սպառողների համար գների հնարավոր բարձրացման մասին։

Դատարանի որոշումից հետո ամերիկյան խոշոր կորպորացիաներն արդեն սկսել են հետ ստանալ զգալի գումարներ։ Մասնավորապես, Amazon-ի ֆինանսական տնօրեն Բրայան Օլսավսկին հայտնել է, որ ընկերությունը երկրորդ եռամսյակում ստացել է մոտ 600 մլն դոլարի վերադարձ։

Ըստ նրա՝ միջոցների մի մասը կուղղվի այն գնորդներին փոխհատուցելուն, որոնցից գանձվել էին լրացուցիչ վճարներ, իսկ մնացած գումարը ընկերությունը նախատեսում է օգտագործել խանութներում գները նվազեցնելու համար։

Ակնկալվում է, որ բիզնեսին կատարվող վճարումների ընդհանուր ծավալը կշարունակի աճել՝ նոր դիմումների մշակման և ներմուծողների կողմից անհրաժեշտ բանկային տվյալների տրամադրման հետ մեկտեղ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *