Պակիստանի դեսպանը Ռուսաստանում․ Մենք Հայաստանի հետ շատ ընդհանրություններ ունենք, ես շատ հեռանկարներ եմ տեսնում

Իսլամաբադը մեծ նշանակություն է տալիս Մոսկվայի, Երևանի և Բաքվի հետ «կապերի» ամրապնդմանը։ Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է Մոսկվայում Պակիստանի դեսպան Ֆայսալ Նիյազ Թիրմիզին։

Մեկնաբանելով Բաքվի և Երևանի միջև հակասությունների մեղմացման ֆոնին Պակիստանի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման թեման, ինչպես նաև Պակիստանում Հայաստանի պատմության մեջ առաջին դեսպանի նշանակումը, դիվանագետը շեշտել է, որ «Հայաստանը, Ադրբեջանը և Կովկասը շատ ընդհանրություններ ունեն Պակիստանի հետ»։

«Երկար տարիներ մենք դիվանագիտական հարաբերություններ չենք ունեցել Հայաստանի հետ, և ես շատ ուրախ եմ, որ վերջին իրադարձություններից հետո ձևավորվել է Հայաստանի հետ բնականոն կապեր հաստատելու անհրաժեշտության գիտակցումը, — նշել է Ֆայսալ Նիյազ Թիրմիզին։ — Եթե նայեք վերջին իրադարձություններին, ես շատ եմ ճանապարհորդել Դաղստանում, Չեչնիայում, Սոչիում, Կրասնոդարում, և ես եղել եմ Ադրբեջանում։ Պատմականորեն Կովկասյան տարածաշրջանի և Պակիստանի միջև հսկայական կապ կա։ Ես շատ հեռանկարներ եմ տեսնում Պակիստանի, Հայաստանի և ամբողջ Կովկասի տարածաշրջանի միջև։

Ես նաև եղել եմ Դուբայում։ Այնտեղ հայերի և պակիստանցիների միջև բազմաթիվ ամուսնություններ են կնքվել։ Սա նպաստում է մարդկանց միջև կապերի հաստատմանը, առևտրի և մշակույթի զարգացմանը։ Եվ ես կարծում եմ, որ Հայաստանը, Ադրբեջանը և Կովկասը շատ ընդհանրություններ ունեն Պակիստանի հետ», — նշել է դիվանագետը։

Ֆայսալ Նիյազ Թիրմիզին կիսվել է, որ դեռ մանկուց երազել է կարդալ Կովկասի պատմության մասին գրքեր։ «Ինձ բախտ է վիճակվել այցելել այս տարածաշրջանի բազմաթիվ երկրներ և վայրեր։ Այնպես որ, մենք Կովկասի հետ պատմական կապեր ունենք։ Եվ Հայաստանը դրանց շատ կարևոր բաղադրիչն է։ Ես տեսնում եմ, թե ինչպես են այժմ Հայաստանի և Պակիստանի միջև հաստատվում մարդկային շփումներն ու գործարար կապերը», — եզրափակել է նա։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *