Օգոստոսի 7-ին՝ ժամը 16։00-ին Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում կունենա Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Գերագույն հոգևոր խորհրդի անդամ վեց եպիսկոպոսների քրեական գործի նախնական դատալսումների առաջին նիստը․ տեղեկացրել է փաստաբան Արա Զոհրաբյանը։
«Գործը քննելու է դատավոր Հակոբ Մանուկյանը:
Ամենայն Հայոց Կաթողիկոսը և գործով անցնող Հայաստանում գտնվող Սրբազան Հայրերը մասնակցելու են առաջին դատական նիստին։
Թեմակալ առաջնորդի պաշտոնից ետ կանչելու և եպիսկոպոսի կարգավիճակից զրկելու վերաբերյալ Ամենայն Հայոց Կաթողիկոսի որոշումներին պետության միջամտությունը Եկեղեցու ինքնավարության, պետություն-Եկեղեցի սահմանադրական հարաբերությունների և կրոնական ազատության հիմնարար սկզբունքի խախտում է և պատմական ամոթալի իրադարձություն։
Հայոց Հայրապետը ենթարկվում է քրեական հետապնդման՝ իր եկեղեցական և կանոնական պարտականությունը կատարելու համար։
Այս քրեական գործով դատարանը քննելու է ոչ միայն առանձին անձանց ներկայացված մեղադրանքները, այլ կարևոր մեկ այլ հարց՝ կարո՞ղ է արդյոք աշխարհիկ իշխանությունը ներխուժել Եկեղեցու ներքին կյանք և քրեականացնել Ամենայն Հայոց Կաթողիկոսի կանոնական իշխանության իրացումը»,- նշել է փաստաբանը։