
Կառավարության նիստի ընթացքում Նիկոլ Փաշինյանը բարձրացրել է պետությանը վերադարձված գույքերի հետագա կառավարման հարցը՝ ընդգծելով, որ անհրաժեշտ են մեխանիզմներ՝ նման գույքերի կրկնակի փոխանցումը բացառելու համար։
Փաշինյանը նիստի ընթացքում ընդհատել է գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի զեկույցը, որը վերաբերում էր պետությանը վերադարձված ապօրինի ծագման գույքերին, և նշել, որ ստացել է քաղաքացու նամակ։ Ըստ վարչապետի՝ քաղաքացին հայտնել է, որ համայնքին վերադարձված գույքը, հնարավոր է, կրկին նախատեսվում է տրամադրել այն անձին, ումից այն նախկինում վերցվել էր։
«Պետք է այնպիսի համակարգ ստեղծենք, որպեսզի նման իրավիճակները բացառվեն։ Անընդհատ նույն գործընթացը չի կարող կրկնվել՝ գույքը տրամադրվում է, հետո վերադարձվում պետությանը, և կրկին նույն ուղղությամբ շարժվում ենք»,– ասել է Փաշինյանը։
Վարչապետը փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանին հանձնարարել է մշակել համապատասխան հարթակ, որտեղ հնարավոր կլինի կառավարել առգրավված և պետությանը վերադարձված գույքերը։
«Այո,այսօր առավոտյան մի տարօրինակ նամակ եմ ստացել, քաղաքացին ասում է, որ այն գույքը, որը վերադրձվել է համայնքին, իր տեղեկություններով, համայնքը նորից ուզում է հատկացնել այն մարդուն, ումից վերցվել է»,- ասել է նա: