2026 թ․ սեպտեմբերին Հայաստանի մասնավոր և պետական բուհերը 10․958 նոր ուսանող կունենան։ Սա բուհ և մասնագիտություն հայտագրած շուրջ 15․800 դիմորդների 69, իսկ շրջանավարտների ընդհանուր թվի 49 %–ն է։ Ընդհանուր առմամբ հիմնական և լրացուցիչ փուլերի արդյունքներով համալրվել է բուհական տեղերի 86 %-ը։ Գնահատման և թեստավորման կենտրոնի ամփոփմամբ՝ վերջին հինգ տարիներին բուհեր ընդունվողների թիվը կայուն կերպով աճում է՝ 9․700-ից հասնելով 11․000-ի։
2026-2027 ուսումնական տարում ՀՀ պետական և ոչ պետական բուհերում կսովորի շուրջ 11 հազար առաջին կուրսեցի։ Գնահատման և թեստավորման կենտրոնի ամփոփմամբ՝ դիմորդների թվով առաջատարը Երևանի պետական համալսարանն է, ապա տնտեսագիտականն ու պոլիտեխնիկականը:
Անցյալ տարվա համեմատ անփոփոխ է մնացել ամենապահանջված մասնագիտությունների տասնյակը։ Բժշկականի «ստոմատոլոգիա», ԵՊՀ–ի «տնտեսագիտություն» և «իրավագիտություն» մասնագիտություններում 1 տեղի համար 3 դիմորդ է մրցել՝ «Ռադիոլուր»–ի հետ զրույցում ասում է Գնահատման և թեստավորման կենտրոնի մամուլի քարտուղար Խաչանուշ Գրիգորյանը․ «Ամենամեծ մրցույթը գրանցվել է Երևանի պետական բժշկական համալսարանում, որտեղ 3 դիմորդ պայքարել է 1 տեղի համար։ 7 անվճար և 100 վճարովի տեղի համար պայքարում էր 318 դիմորդ Հաջորդը ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետն է»։
Ընդունելության քննությունների հիմնական և լրացուցիչ փուլերից հետո չի համալրվել բուհական տեղերի շուրջ 14 %–ը։ Թափուր է մնացել շուրջ 3․000 տեղ, որոնցից 140-ը՝ անվճար։ Այս առումով առաջատարը դարձյալ Ագրարային համալսարանն է։ Բայց կան նաև ռազմավարական ու արդյունաբերական նշանակություն ունեցող ոլորտներ, որոնք դիմորդներ չեն ունեցել․ «Պետական 13 բուհում և մասնաճյուղում 37 մասնագիտությամբ երկու փուլերից հետո առաջին կուրսեցի չկա։ Օրինակ՝ Պոլիտեխնիկի Կապանի մասնաճյուղի մետալուրգիան, որտեղ արդյունաբերական հսկաներ կան, ուսանող չունի։ Իսկ 11 բուհերի 33 մասնագիտություններով ընդունվել է ընդամենը մեկական ուսանող»։
Դիմորդներն իրենց նախասիրություննե՞րը, թե՞ աշխատաշուկայի պահանջարկը հաշվի առնելով են մասնագիտություն և բուհ ընտրել․
«Ծրագրավորողը ունի ազատություն աշխատելու տարբեր երկրներից, և հիմա կա պահանջարկ հենց այդ մասնագիտությունների համար»։
«Ավարտել եմ 16 ավագ դպրոցը, ընդունվում եմ Ժողինստիտուտ՝ Տնտեսագիտական համալսարան, Զբոսաշրջության բաժին»։
«Դիմել եմ ԵՊՀ՝ ռոմանոգերմանական բաժին, անգլերեն և գրականություն։ Հունվարինը իմ ցանկացածից բավականին ցածր ստացվեց, այդ պատճառով լրացուցիչ փուլին մասնակցեցի»։
Վիճակագրությունն այդուհանդերձ փաստում է, որ աշխատաշուկայի պահանջների և դիմորդների նախասիրությունների միջև խզումը պահպանվում է. մինչ բժշկականն ու իրավագիտականը գերբեռնված են, ռազմավարական նշանակություն ունեցող ճարտարագիտական ու ագրարային ոլորտները շարունակում են կադրերի պակաս զգալ:
armradio