Օգոստոսի 6-ին Բաքվի վերաքննիչ դատարանը շարունակել է քննել Հայաստանի քաղաքացիներ Արայիկ Հարությունյանի, Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի, Դավիթ Իշխանյանի, Դավիթ Բաբայանի, Լևոն Մնացականյանի և այլոց վերաքննիչ բողոքները: Բաքվի ռազմական դատարանը նրանց «դատապարտել է խաղաղության և մարդկության դեմ ուղղված հանցագործությունների համար, որոնք կատարվել են Ադրբեջանի դեմ Հայաստանի ռազմական ագրեսիայի հետևանքով, այդ թվում՝ պատերազմական հանցագործությունների, այդ թվում՝ ագրեսիվ պատերազմի նախապատրաստման և վարման, ցեղասպանության, պատերազմի օրենքների և սովորույթների խախտման, ահաբեկչության, ահաբեկչության ֆինանսավորման, իշխանության բռնի զավթման և բազմաթիվ այլ հանցագործությունների համար»։
Ինչպես հաղորդում է Report-ը, Բաքվի վերաքննիչ դատարանի դատավոր Էլմար Ռահիմովի նախագահությամբ և դատավորներ Էմին Մեհդիևի և Մեհրիբան Գարաևայի մասնակցությամբ կայացած դատական նիստում քրեական գործով վերաքննիչ վարույթի ենթարկված յուրաքանչյուր անձի տրամադրվել են թարգմանիչներ իրենց մայրենի լեզուներով (հայերեն և ռուսերեն), ինչպես նաև փաստաբաններ՝ նրանց պաշտպանությունն ապահովելու համար։
Դատարանի որոշումը մեղադրյալների վերաքննիչ բողոքների վերաբերյալ հրապարակվել է նիստում՝ անփոփոխ թողնելով նախորդ որոշումը։
Հիշեցնենք, որ Բաքվի զինվորական դատարանի 2026 թվականի փետրվարի 5-ի դատավճռով Արայիկ Հարությունյանը, Լևոն Մնացականյանը, Դավիթ Մանուկյանը, Դավիթ Իշխանյանը և Դավիթ Բաբայանը դատապարտվել են ցմահ ազատազրկման, Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը՝ 20, Մադաթ Բաբայանը և Մելիքսեթ Փաշայանը՝ 19 տարվա ազատազրկման։ Գարիկ Մարտիրոսյանը դատապարտվել է 18, Դավիթ Ալավերդյանն ու Լևոն Բալայանը՝ 16, Վասիլի Բեգլարյանը, Գուրգեն Ստեփանյանը և Էրիկ Ղազարյանը 15 տարվա ազատազրկման։