Սա պետական իշխանության անթույլատրելի միջամտություն է Եկեղեցու ինքնավարությանը. ԱԺԲ

Ազգային-ժողովրդավարական Բևեռը խստորեն դատապարտում է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բարձրաստիճան հոգևորականների նկատմամբ նախաձեռնված քրեական հետապնդումը։ Ներեկեղեցական և կանոնական իրավունքի տիրույթին պատկանող հարցերը քրեական վարույթի առարկա դարձնելը պետական իշխանության կոպիտ և անթույլատրելի միջամտություն է Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ինքնավարությանը։

Եպիսկոպոսների կարգավիճակին, նրանց ծառայությանը կամ թեմերի կառավարմանն առնչվող խնդիրները, նրանց վարքը և անձնական կյանքը, կարող են քննվել և լուծվել բացառապես եկեղեցու կանոնական իրավունքի ու ներքին ընթացակարգերի շրջանակում։

Իշխանության այս քայլը հակասում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը և գործող օրենսդրությանը, որոնք ճանաչում են Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգևոր կյանքում, ազգային մշակույթի պահպանման և ազգային ինքնության ամրապնդման գործում, ինչպես նաև երաշխավորում են կրոնական կազմակերպությունների ինքնավարությունն ու դավանանքի ազատությունը։

Հայ ժողովրդի պատմության ամենածանր ժամանակաշրջաններում անգամ օտարերկրյա զավթիչներն ու տիրապետողները չեն համարձակվել իրենց և հայոց եկեղեցու միջև առկա խնդիրները քրեական հետապնդման միջոցով լուծել կամ պետական հարկադրանքով վերաձևել Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցու կանոնական կարգը։ Այն, ինչին այսօր դիմում է Հայաստանի իշխանությունը, ոչ միայն իրավական կամ քաղաքական կամայականություն է, այլև հարված հայ ժողովրդի ազգային արժանապատվությանը։

Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցին սովորական կառույց կամ հասարակական կազմակերպություն չէ։ Այն դարեր շարունակ եղել է պետականությունը կորցրած հայ ժողովրդի հոգևոր, մշակութային և ազգային գոյության գլխավոր հենասյուներից մեկը։ Եկեղեցու կանոնական կարգի նկատմամբ պետական ոտնձգությունը նշանակում է խարխլել հայ ժողովրդի գոյութենական հենասյուներից մեկը և թուլացնել ազգային ինքնության, ներքին միասնականության և Հայաստան-Սփյուռք համագործակցության հիմքերը։

Կաթողիկոսի և Եկեղեցու բարձրագույն հոգևոր դասի նկատմամբ քրեական ճնշումը բացահայտում է իշխանության վտանգավոր ձգտումը՝ պետական հարկադրանքի միջոցով ենթարկեցնելու ազգային այն հաստատությունները, որոնք չեն ծառայում իշխող խմբի և նրանց տերերի քաղաքական շահերին։ Սա անընդունելի է և պետք է արժանանա Հայաստանի ու Սփյուռքի հայության, ինչպես նաև իրավապաշտպան և միջազգային կառույցների վճռական հակազդեցությանը։

Ազգային-ժողովրդավարական Բևեռը պահանջում է՝
Անհապաղ դադարեցնել Ամենայն Հայոց Կաթողիկոսի և մյուս հոգևորականների նկատմամբ քաղաքական շարժառիթներով իրականացվող քրեական հետապնդումը,
Բացառել պետական մարմինների ցանկացած միջամտություն Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցու կանոնական և ներքին կառավարման հարցերին,
Վերականգնել սահմանադրական օրինականությունն ու հարգել Եկեղեցու ինքնակառավարման իրավունքը,
Պատասխանատվության ենթարկել իշխանությունը չարաշահած և ապօրինի հետապնդում կազմակերպած պաշտոնատար անձանց։
Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցու պաշտպանությունը որևէ անձի կամ հոգևորականի անձնական պաշտպանությունը չէ։

Դա հայ ժողովրդի ազգային ինքնության, պատմական հիշողության, հոգևոր ինքնիշխանության և գոյատևման իրավունքի պաշտպանությունն է։

Ազգային-ժողովրդավարական Բևեռի խորհուրդ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *