Ամերիկյան 3 Proton Lithium (3PL) ընկերությունը հայտարարել է, որ Նևադա նահանգում Railroad Valley Minerals նախագծում հայտնաբերել է ԱՄՆ-ում հայտնի ամենախոշոր վոլֆրամի հանքավայրը, գրում է Interesting Engineering-ը։
Ընկերության գնահատմամբ՝ պաշարները կազմում են 1,78 մլն տոննա, ինչը մոտ հինգ անգամ գերազանցում է երկրում այս մետաղի նախկինում հայտնի ամենախոշոր հանքավայրը։
Վոլֆրամի պաշարների արժեքը ներկայիս շուկայական գներով գնահատվում է մոտ 152 մլրդ դոլար։ Ընկերությունը նշում է, որ սպառման ներկայիս տեմպերի պայմաններում այս պաշարները ԱՄՆ-ին կբավականացնեն հարյուրավոր տարիների համար։
Վոլֆրամից բացի, հանքավայրը պարունակում է լիթիումի, կալիումական աղերի և բորի խոշոր պաշարներ։ 3PL-ի գնահատմամբ՝ հայտնաբերված բոլոր ռեսուրսների համախառն արժեքը հասնում է 3,5 տրլն դոլարի։
Գնահատականը հիմնված է չորս խորը հետախուզական հորատանցքերի տվյալների, 290 նավթահորերի վերաբերյալ տեղեկատվության, ավելի քան 2,5 հազար լաբորատոր անալիզների և շուրջ 12,8 կմ հորի միջուկի ու հորատման ապարների ուսումնասիրության վրա։
Միևնույն ժամանակ ուսումնասիրվել են 37 երկրաբանական հորիզոններից միայն 10-ը, ուստի ընկերությունը չի բացառում լրացուցիչ պաշարների հայտնաբերումը։
Հանքավայրի շահագործումը բարդանում է նրանով, որ նախագծի տարածքի մոտ 44 կմ²-ը գտնվում է NASA-ի կողմից 2023 թվականին սահմանված սահմանափակումների ներքո։ Տիեզերական գործակալությունը անապատի այս հատվածն օգտագործում է արբանյակային սարքավորումների կալիբրման համար և կարծում է, որ օգտակար հանածոների արդյունահանումը կարող է խանգարել օբյեկտի աշխատանքին։
3PL-ը մտադիր է հանքանյութերը արդյունահանել ստորգետնյա տարալվացման մեթոդով՝ առանց խոշոր բացահանքերի կառուցման։ Ընկերությունը նաև ձգտում է հասնել NASA-ի սահմանափակումների չեղարկմանը՝ պնդելով, որ դրանք սահմանվել են մինչև հանքավայրի մասշտաբների մասին հայտնի դառնալը։
Ընկերության տնօրենների խորհրդի նախագահ և ֆինանսական տնօրեն Քևին Մուրի խոսքով՝ խոսքը վերաբերում է ոչ միայն օգտակար հանածոների արդյունահանմանը, այլև ազգային անվտանգության հարցին, քանի որ ԱՄՆ-ը արդեն մոտ տասը տարի վոլֆրամ չի արդյունահանում և կախված է ներմուծումից, մինչդեռ ռազմավարական նշանակություն ունեցող այս մետաղի համաշխարհային շուկան մեծապես վերահսկում է Չինաստանը։