Անձրևաջուրն՝ ընդդեմ շոգի. գիտնականները առաջարկել են քաղաքները զովացնելու անսովոր միջոց

Շոգ եղանակին շենքերի տանիքներից հավաքված անձրևաջրի օգտագործումը դրանց զովացման համար կարող է նվազեցնել օդորակման համար էլեկտրաէներգիայի սպառումը, իջեցնել քաղաքներում ջերմաստիճանը և կրճատել ծայրահեղ շոգի ժամանակահատվածների տևողությունը։ Այս եզրակացությանն են եկել Մանչեսթերի համալսարանի հետազոտողները։ Արդյունքները հրապարակվել են Earth’s Future ամսագրում։

Գիտնականները մոդելավորել են մի համակարգ, որը տանիքներից հավաքում է անձրևաջուրը, պահում այն տարողություններում և շոգի ժամանակ ավտոմատ կերպով ցողում տանիքների վրա։ Որպես օրինակ նրանք օգտագործել են Տոկիոն։

Մոդելավորումը ցույց է տվել, որ տանիքների զովացումը նվազեցնում է շենքերի տաքացումը, ինչի շնորհիվ օդորակիչներն ավելի հազվադեպ են աշխատում։ Սա, իր հերթին, կրճատում է զովացման համակարգերից շրջակա միջավայր արտանետվող ջերմությունը, ինչը լրացուցիչ նվազեցնում է քաղաքի օդի ջերմաստիճանը։ Արդյունքում նվազում են թե՛ ծայրահեղ շոգով օրերի քանակը, թե՛ դրա ինտենսիվությունը։

Հետազոտությունը ցույց է տվել, որ վճռորոշ նշանակություն ունի ոչ թե տարողությունների ծավալը և նույնիսկ ոչ էլ ցողվող ջրի քանակը, այլ համակարգի միացման ժամանակը։ Բաքերի տարողության ավելացումը տալիս էր միայն փոքր լրացուցիչ ազդեցություն, իսկ ջրի չափազանց մեծ քանակը միշտ չէ, որ բարելավում էր զովացումը, քանի որ խոնավության մի մասը չէր հասցնում գոլորշիանալ։

Հեղինակների խոսքով՝ նման տեխնոլոգիայի արդյունավետությունը հատկապես շոգ տարիներին աճում է, ինչը այն դարձնում է քաղաքների՝ կլիմայի փոփոխությանը հարմարվելու հեռանկարային գործիք։

Համակարգի լրացուցիչ առավելությունը դարձել է հորդառատ անձրևների ժամանակ հեղեղատար հոսքերի ծավալի նվազեցումը։

Հետազոտողները կարծում են, որ շենքերի զովացման համար անձրևաջրի օգտագործումը կարող է դառնալ քաղաքները կլիմայի փոփոխության հետևանքներից պաշտպանելու և ծայրահեղ եղանակային պայմանների նկատմամբ դրանց դիմակայունությունը բարձրացնելու միջոցառումների համալիրի մի մասը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *