
«Հրապարակի» հարցերին պատասխանում է ԱԺ նախկին պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը:
– Անկախությունից ի վեր առաջին անգամ Ազգային ժողովն իր աշխատանքները սկսեց առանց Վեհափառի օրհնության։ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին հրավեր չէր ուղարկվել, իսկ ՔՊ-ական ուսապարկերը հայտարարում են, որ իրենք Գարեգին Բ-ին չեն համարում վեհափառ: Նիստը վարող Կնյազ Հասանովն էլ ասում էր, որ Վեհափառին որեւէ մեկը չի արգելել՝ գալ խորհրդարան, նա կարող էր գալ իր նախաձեռնությամբ: Ի՞նչ գնահատական կտաք այս ամենին:
– Պետք չէ զարմանալ ՔՊ-ականների այդ վերաբերմունքից, որն ուղղված է Հայ առաքելական եկեղեցուն, հատկապես` Վեհափառին: Նրանք մինչ այս այնպիսի քայլեր են թույլ տվել Եկեղեցու նկատմամբ, որ այս մոտեցումը շատ սպասելի էր: Այն, ինչ իրենց ղեկավարի կապրիզն է, դա իրենց համար օրենք է: Այս մարդկանց համար սահմանադրական պահանջն առաջնային չէ, առաջնային են իրենց վարչապետիկի կապրիզը, ցանկությունը, իսկ նրա ցանկությունն այն է, որ կաթողիկոսն ԱԺ մուտք չգործի եւ օրենքի պահանջը չկատարի: Սրանց կողմից ամեն բան սպասելի է: Ամսի 7-ին կաթողիկոսի դատավարությունն է լինելու: Ցավալի է, բայց այս որակի մարդիկ որոշումներ կայացնելիս դեռ մեծամասնություն են կազմում:
– Իսկ ի՞նչ կասեք ԱԺ 9-րդ գումարման նիստերի մասին: Հետեւո՞ւմ եք: Ռուբեն Ռուբինյանը համերաշխության կոչ արեց ընդդիմությանը, սակայն ատելության խոսք տարածելու առաջամարտիկ Տարոն Չախոյանը, որն ԱԺ է բերվել հատուկ ընդդիմությանը սադրելու նպատակով, արդեն քանի օր է՝ վիրավորում է, եւ այդ ամենը որեւէ հետեւանք չի ունենում:
– Ռուբեն Ռուբինյանը թեպետ համերաշխության կոչ արեց, սակայն նրա հիմնական ուղերձն այն էր, որ ունենք այն, ինչ ունենք, որ, այո` հանձնել ենք, հանձնում ենք եւ հանձնելու ենք, բայց եկեք իրար հետ բարեկիրթ ձեւով աշխատենք, այսինքն` բարեկրթորեն եկեք հանձնենք մեր հայրենիքի սահմանները: Այն, ինչ դեռ չենք հանձնել, եկեք միասին հանձնենք․ դա էր նրա ասածը:
– Բայց մի ՔՊ-ական կին պատգամավոր պնդում էր, որ իրենք ոչինչ չեն հանձնել, հավանաբար, Արցախն ինքն իրեն է հանձնվել, Կիրանցի, Ջերմուկի տարածքները՝ եւս….
– Նրանց մեջ կան մարդիկ, ովքեր հենց ամենասկզբից համարել են, որ Արցախը մերը չի եղել երբեք: Դա իրենց հավատամքն է: Հետեւաբար, իրենց տրամաբանությամբ, եթե Արցախը մերը չի եղել, ուրեմն չենք էլ հանձնել: ՔՊ-ականների մեջ շատ են այնպիսիները, որոնք իրենց էությամբ նման մտածողություն ունեն, բնական է, որ այդ տեսակն այլ կերպ չէր կարող մտածել, թեպետ նրանք ինձ համար չափանիշ չեն: Այդ մարդիկ ի սկզբանե ազգային մտածողությունից զուրկ են եղել եւ Ազգային ժողովում հայտնվել են հենց դրա համար:
– Թե՛ իշխանական, թե՛ ընդդիմադիր ֆրակցիաներում նորաթուխ եւ անփորձ պատգամավորներ են հայտնվել: Ի՞նչ կարծիք ունեք նրանց մասին: Ի՞նչ եք կարծում՝ 9-րդ գումարման ԱԺ-ն ինչպիսի՞ն է:
– Նորմալ երեւույթ է, որ կազմը փոխվել է, ավելին` աննորմալ կլիներ, որ նախորդ գումարման ԱԺ-ի կազմն ամբողջապես պահպանվեր: Սերնդափոխություն է պետք, նոր մոտեցումներ են հարկավոր, սակայն այստեղ կարեւորն այն է, թե ինչ գաղափարախոսություն ունեցող մարդիկ են եկել խորհրդարան: Լսեցի մի ՔՊ-ական կնոջ, որը կրթահամալիրի տնօրեն է եղել, եւ այդ կինն ասում է, որ ինքը ոչ մի կերպ չի ընդունել կաթողիկոսին որպես կաթողիկոս եւ այլն: Միայն նման մտածողություն ունեցող մարդիկ կարող են ՔՊ-ի շարքերը համալրել, եթե այդպես չմտածեին, նրանց մանդատ չէին տա: Ցավոք սրտի, ԱԺ պատգամավորների փոփոխությունը որեւէ կերպ մեր պետությանն օգուտ չի տալու, որովհետեւ ՔՊ-ն մնացել է ՔՊ: Նոր դեմքերով, սակայն իրենց հակազգային մտածողությամբ: