Արմաշի բնապահպանական մարտահրավերներն ու զարգացման հնարավորությունները՝ տեղացիների աչքերով

Արմաշի բնապահպանական մարտահրավերներն ու զարգացման հնարավորությունները՝ տեղացիների աչքերով

Արարատի մարզի Արմաշ բնակավայրն ունի հարուստ կենսաբազմազանության, որը կարիք ունի պահպանության։ Այս մասին նշեց «Արմաշ գյուղական համայնքների աջակցման և զարգացման կենտրոն» ՀԿ-ի ղեկավար Տիգրան Մաթևոսյանը՝ Արմաշում կայացած իրազեկման հանդիպման ժամանակ։ Հանդիպումը կազմակերպել էր «Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ն՝ նպատակ ունենալով ՄԱԿ-ի կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին (COP17) ընդառաջ քննարկել Արմաշի կենսաբազմազանության պահպանության խնդիրները, զարգացման ուղիները և տեղացիների մասնակցության հնարավորությունները COP17։

Տիգրան Մաթևոսյանը ներկայացրեց Արմաշի թռչնաշխարհի նշանակությունը՝ շեշտելով, որ  Արմաշն առանձնահատուկ աշխարհագրական դիրք ունի․ բնակավայրից հարավ գտնվում են գերխոնավ տարածքները, իսկ հյուսիսում՝ լեռնային և չոր տափաստանային գոտիները։ Այս պայմանների համադրությունը տարածքում ձևավորել է հարուստ և բազմազան կենդանական աշխարհ։ «Մենք պետք է կարողանանք օգտվել այս հնարավորությունից՝ ի շահ թե՛ մեզ, թե՛ բնության։ Բնության հետ ներդաշնակ համագործակցելով՝ պետք է ոչ միայն օգտվենք բնության տված բարիքներից, այլև մեր ներդրումն ունենանք դրանց պահպանման ու վերականգնման գործում», – ասաց նա։

Տիգրան Մաթևոյանը նշեց, որ այդ կենսաբազմազանությունը բազմաթիվ վտանգների առջև է կանգնած։ Նա առանձնացրեց լճերի չորացումը կամ ջրի մակարդակի իջեցումը։ «Երբ լճերն իջեցնում են, բնականաբար, ջրային տարածքները պակասում են, և թռչունները, որոնք սովոր են ջրում սնվել կամ այնտեղ բնադրել, խնդիր են ունենում։ Լճերի ջրային ռեժիմի պահպանման հարցում անհրաժեշտ է պետական կառույցների և տնտեսվարողների միջև երկխոսություն», – ասաց նա։

Մեկ այլ լուրջ խնդիր է որսագողությունը։ Լճերի մի մասը ներառված է որսահանդակների կազմում, սակայն անհրաժեշտ է գնահատել որսի ազդեցությունը թռչնաշխարհի վրա և ունենալ պոպուլյացիաների պահպանության և վերականգնման հստակ մեխանիզմներ։ Նա հիշեց դեպքեր, երբ որսի ժամանակ սպանվել են անգամ ձվերի վրա թուխս նստած թռչուններ։

Ըստ Տիգրան Մաթևոսյանի՝ թռչունների և մյուս կենդանիների համար լուրջ վտանգ են նաև եղեգնուտների գարնանային հրդեհները։ Տարածքները «մաքրելու» նպատակով կատարվող զանգվածային այրումների հետևանքով ոչնչանում են կենդանիների և թռչունների կենսամիջավայրերը։

Տիգրան Մաթևոսյանը Արմաշում իրականացնում է «Էկոաշխարհ» նախաձեռնությունը։ Նա սեփական միջոցներով շուրջ 6 հեկտար տարածքում ձևավորել է անտառաշերտ՝ լճակով։ Նրա խոսքով՝ նախաձեռնության նպատակը ոչ միայն ծառատունկն ու տարածքի բարեկարգումն է, այլև՝ թռչունների համար անվտանգ միջավայր ստեղծելը։ Տարածքում արդեն տեղադրվել է թռչնադիտարկման աշտարակ, իսկ հետագայում նախատեսվում է այն հարմարեցնել այցելուների և թռչնադիտարկման խմբերի համար։

Տիգրան Մաթևոսյանը նշեց՝ Արմաշի կենսաբազմազանությունը կարող է դառնալ նաև համայնքի տնտեսական զարգացման հիմք։ Հատկապես մեծ ներուժ ունի թռչնադիտարկումը։ «Մեզ մոտ արդեն այցելում են արտասահմանյան խմբեր, այդ թվում՝ թռչնադիտարկմամբ հետաքրքրված զբոսաշրջիկներ։ Նման այցերը ցույց են տալիս, որ Արմաշում անհրաժեշտ է զարգացնել ոչ միայն բնական տարածքները, այլև զբոսաշրջիկների սպասարկման ենթակառուցվածքները։ Կարելի է զուգահեռ զարգացնել ագրոտուրիզմը, զբոսաշրջիկներին առաջարկել այցելել այգիներ, մասնակցել բերքահավաքի, ծանոթանալ գյուղական կյանքին, տեղական արտադրանքին», – ասաց Տիգրան Մաթևոսյանը։

Տեղի բնակիչ, «SunRise Tour» զբոսաշրջային ընկերության հիմնադիր Անահիտ Մաթևոսյանն էլ նշեց, որ նպատակ կա Արմաշում զարգացնել էկոտուրիզմը, ագրոտուրիզմը, հյուրատնային ծառայությունները։ Զբոսաշրջային հնարավորությունների շարքում նա առանձնացրեց Արմաշի հնավայրը, ձկնաբուծական տնտեսությունները, տեղական գյուղատնտեսական արտադրանքը և գաստրոտուրիզմի հնարավորությունը։

Տեղացիները կարծում են, որ Արմաշի զբոսաշրջային քարտեզում կարող է ներառվել նաև պատմամշակութային ժառանգությունը։ Տիգրան Մաթևոսյանի խոսքով՝ բնակավայրում ձևավորվում է մի ամբողջական երթուղի, որտեղ կարող են միավորվել «Էկոաշխարհը», գյուղատնտեսական տարածքները և Արմաշի հնավայրը։

«Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ի փոխնախագահ Վիկտորյա Բուռնազյանն առաջարկեց Արմաշում ստեղծել ինֆոտուն, որը կարող է դառնալ համայնքի բնապահպանական և զբոսաշրջային տեղեկատվության կենտրոն։ Կենտրոնը կարող է համագործակցել դպրոցների հետ՝ կազմակերպելով ճանաչողական տուրեր, որոնց ընթացքում երեխաները հնարավորություն կունենան ծանոթանալու Արմաշի կենսաբազմազանությանը, մասնակցելու թռչնադիտարկման և անմիջականորեն ճանաչելու գյուղական միջավայրի առանձնահատկությունները։

Վիկտորյա Բուռնազյանն առաջարկեց դիտարկել COP17-ին տեղացիների մասնակցության հնարավորությունները, կազմակերպել միջոցառում համայնքի բնակիչների, դպրոցականների և ակտիվ խմբերի մասնակցությամբ։ Որպես հնարավոր թեմաներ առանձնացվեցին Արմաշի թռչնաշխարհի պահպանությունը, ջրաճահճային տարածքների կարևորությունը, Արմաշի՝ որպես Էմերալդ թեկնածու տարածքի ներուժը և Ռամսարի կոնվենցիայի շրջանակում հնարավոր ճանաչումը, ագրոկենսաբազմազանությունը, կլիմայի փոփոխության ազդեցությունը, ինչպես նաև տնտեսական գործունեության և կենսաբազմազանության պահպանության միջև հնարավոր շահերի բախումները։

Տիգրան Մաթևոսյանը նշեց՝ կարևոր է COP17-ին մասնակցել՝ ներկայացնելով տեղի մարտահրավերները և առաջարկելով լուծումներ։ «Նախևառաջ կցանկանայի, որ ավելի մեծ ուշադրություն հրավիրվեր մեր տարածքի վրա, որպեսզի կատարվեն ներդրումներ, և այն  զբոսաշրջության համար գրավիչ դառնա», – ասաց նա։ Տիգրան Մաթևոսյանն առանձնացրեց նաև Ռամսարի կոնվենցիայի շրջանակում Արմաշի հնարավոր ճանաչման հեռանկարը՝ նշելով, որ դա կարող է նպաստել ոչ միայն կենսաբազմազանության պահպանությանը, այլև տարածքի ճանաչելիության բարձրացմանը։

Անահիտ Մաթևոսյանն էլ հավելեց՝ Արմաշի՝ որպես բնապահպանական և զբոսաշրջային տարածքի զարգացումը կապված է պետական և միջազգային աջակցության հետ։ Նրա խոսքով՝ արդեն քննարկվում է նաև արագիլների համար հատուկ խնամքի և վերականգնողական տարածք ստեղծելու գաղափարը՝ հաշվի առնելով, որ տարածքում հաճախ հանդիպում են վնասված թռչուններ։

Քննարկման ընթացքում որոշվեց շարունակել աշխատանքը համայնքի ակտիվ բնակիչների հետ՝ նպատակով առանձնացնելու և COP17-ի օրակարգում ներկայացնելու այն հարցերը, որոնք կարևոր են Արմաշի համար։

Հոդվածը պատրաստվել է «Աջակցություն Հայաստանի՝ Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի համաժողովի նախագահությանը և ներքին իրականացմանը» ծրագրի շրջանակներում։ Ծրագիրն իրականացվում է «Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ի կողմից՝ «Ֆրիտյոֆ Նանսեն» ինստիտուտի հետ համագործակցությամբ Նորվեգիայի զարգացման համագործակցության գործակալության աջակցությամբ:

Ծրագրի շրջանակում արտահայտված տեսակետները պարտադիր չէ, որ արտահայտեն «Ֆրիտյոֆ Նանսեն» ինստիտուտի տեսակետները:

Օգոստոս 07, 2026 at 11:46

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *