Տեղի է ունեցել Փաշինյանի և Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի հանդիպումը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ օգոստոսի 7–ին, հանդիպում է ունեցել Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի հետ: Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում տեսանյութին կից գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Հանդիպմանը Ժապարովը, մասնավորապես, նշել է. «Նախևառաջ շնորհավորում եմ Ձեզ խորհրդարանական հաջող ընտրությունների և վարչապետի պաշտոնում Ձեր նշանակման կապակցությամբ: Մաղթում եմ Ձեզ հաջողություններ երկրի հետագա զարգացման և հայ ժողովրդի բարեկեցության բարելավմանն ուղղված Ձեր նպատակներին հասնելու գործում:

Ձեր ղեկավարությամբ Հայաստանը վերջին տարիներին զգալի արդյունքների է հասել սոցիալ-տնտեսական զարգացման գործում՝ իրականացնելով կարևոր բարեփոխումներ և հետևողականորեն բարձրացնելով իր դերը միջազգային ասպարեզում:

Կցանկանայի նաև առանձին նշել Ձեր ջանքերը՝ Հարավային Կովկասում բարեկամության և բարիդրացիության մթնոլորտի ձևավորման ուղղությամբ: Համոզված եմ, որ խաղաղության և կայունության ապահովումը կարևոր պայման է կայուն աճի և ժողովրդի բարեկեցության բարելավման համար:

Այս համատեքստում Ղրղզստանը մեծ նշանակություն է տալիս ղրղզա-հայկական հարաբերությունների հետագա զարգացմանը՝ հիմնված ավանդական բարեկամության, փոխադարձ հարգանքի և ընդհանուր արժեքների վրա:

Մեր փոխգործակցությունը բնութագրվում է կառուցողական քաղաքական երկխոսությամբ և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում ընդլայնված համագործակցությամբ: Հուսով եմ, որ այսօրվա հանդիպումը նոր խթան կհաղորդի ղրղզա-հայկական բարեկամությանը և թույլ կտա մեզ ուրվագծել խոստումնալից քայլեր երկու երկրների միջև գործընկերության հետագա զարգացման համար»։

Իր հերթին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է. «Շնորհավորում եմ այն հաջողությունների համար, որոնք արդեն տեսանելի են անզեն աչքով: Սա իսկապես շատ տպավորիչ է: Գիտեմ, որ Ղրղզստանում բավականին զգալի տնտեսական աճ կա, և մենք ուրախ ենք դրա համար։ Սա, իհարկե, կբարձրացնի Ղրղզստանի Հանրապետությունում կենսամակարդակը: Սա ձեր կառավարության հաջողությունն է, ձերը կամ ձեր անձնական հաջողությունը:

Իհարկե, այս ամենը նոր հնարավորություններ է ստեղծում Ղրղզստանի և Հայաստանի Հանրապետության միջև տնտեսական համագործակցության համար:

Ցավոք, չնայած մենք երկուսս էլ Եվրասիական տնտեսական միության անդամ ենք, լոգիստիկ խնդիրների պատճառով մեր փոխադարձ առևտուրը շատ մեծ չէ, բայց վերջերս որոշակի առաջընթաց է գրանցվել: Վստահ եմ, որ մենք կկարողանանք զարգացնել համագործակցությունը տրանսպորտի ոլորտում, ինչը կնպաստի փոխադարձ առևտրի հետագա խորացմանը»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *