Հունգարիայում Դանուբի ծանծաղելու պատճառով հայտնաբերվել են վերմախտի երկու զինվորի աճյունները

Հունգարիայում Դանուբի ծանծաղացած հատվածում հայտնաբերել են վերմախտի երկու զինվորի աճյունները, ինչպես նաև DKW NZ 350-1 մոտոցիկլ և Tellermine 35 հակատանկային ականներ։ Այս մասին հայտնել է Գերմանիայի զինվորական գերեզմանների խնամքի ժողովրդական միությունը։

Աճյունները գտնվել են Բուդապեշտի արվարձանում՝ Բուդաերշում, Դանուբի մերկացած հունում խորտակված նավերի ուսումնասիրության ժամանակ։ Պեղումներն իրականացրել են Հունգարիայի ռազմական պատմության ինստիտուտի և թանգարանի մասնագետները։ Հայտնաբերված զինամթերքի պատճառով աշխատանքներին ներգրավվել են նաև ականազերծող մասնագետներ, իսկ ափի հատվածը ժամանակավորապես շրջափակվել է։

Տեղում նաև գտել են զոհված զինծառայողների անձնական նշանները։ Միության տվյալներով՝ նշաններն ու մոտոցիկլը լավ են պահպանվել տիղմում գազոյլի առկայության շնորհիվ։ Քանի որ նշանները մնացել են զոհվածների մոտ, ենթադրվում է, որ նրանց հարազատները, հավանաբար, չեն ստացել նրանց մահվան մասին պաշտոնական ծանուցումները։

Անհրաժեշտ ընթացակարգերի ավարտից հետո աճյունները նախատեսում են հուղարկավորել Բուդաերշի վերմախտի զինվորների գերեզմանատանը։ Գերմանիայի ժողովրդական միությունում կարծում են, որ Դանուբի հետագա ծանծաղումը կարող է հանգեցնել Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ այս շրջանում զոհված այլ զինծառայողների աճյունների հայտնաբերմանը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *