Վրաստանի իշխանությունները հայտարարել են, որ սոցիալական ցանցերում տարածվող կեղծ տեղեկությունները ռուսաստանցի զբոսաշրջիկների համար իբր առկա վտանգի մասին՝ երկրի դեմ ուղղված հիբրիդային արշավի մաս է։ Դրա մասին հայտնել է իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության գլխավոր քարտուղար և Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն։
Նրա գնահատմամաբ՝ սոցիալական ցանցերի և բոտերի միջոցով տարածված նմանատիպ հրապարակումների նպատակն է վնաս հասցնել զբոսաշրջության ոլորտին, երկրի տնտեսությանը և վրաց ժողովրդին։
«Այս ամենը երկրի դեմ հիբրիդային պատերազմի մաս է՝ հայտարարություններ, սոցիալական ցանցեր, բոտեր։ Այդ ամենը տարածում էր մեկ բազմամիլիոնանոց գործակալություն: Զբոսաշրջությունը մեզ համար կարևոր ոլորտ է։ Հետևաբար, դա նպատակ ունի վնասելու երկրի տնտեսությանը և վրաց ժողովրդին»,- հայտարարել է Կալաձեն։
Նա ընդգծել է, որ Վրաստանն օտարերկրյա հյուրերի համար շարունակում է մնալ անվտանգ երկիր՝ անկախ նրանց քաղաքացիությունից։
«Վրաստանն անվտանգ երկիր է։ Մարդը ցանկացած ժամանակ, ցանկացած շրջանում կարող է ազատ տեղաշարժվել։ Տեսեք, թե ինչ մարտահրավերների առաջ են կանգնած եվրոպական մեծ քաղաքներն այդ առումով: Մենք հյուրընկալ ժողովուրդ ենք։ Բոլորը՝ շվեյցարացիները, ամերիկացիները, ռուսները, ուկրաինացիները, իտալացիները կարող են գալ այստեղ։ Ոչ ոք սահմանափակված չէ»,- ասել է Կալաձեն։
Ավելի վաղ Վրաստանի Պետական անվտանգության ծառայությունից հայտնել էին սաբոտաժի հոդվածով քրեական գործ հարուցելու մասին։ Առիթ էին դարձել X սոցիալական ցանցի հրապարակումները, որտեղ անանուն օգտահաշիվները պնդում էին, թե իբր ռուսաստացի զբոսաշրջիկներին մենակ են թողել անտառում և ռեստորաններում փչացրել են նրանց ուտելիքը։ Գերատեսչության տվյալներով՝ այդ ապատեղեկատվությունը տարածվել է արտասահմանյան առցանց պարբերականներից մեկի միջոցով։