ԱՄՆ վերաքննիչ դատարանը կասեցրել է Սպիտակ տանը մոտ 400 միլիոն դոլար արժողությամբ նոր պարահանդեսային դահլիճի շինարարությունը։ Դատարանի որոշման մեջ նշվում է, որ նախագահ Դոնալդ Թրամփը նստավայրի սեփականատերը չէ, այլ միայն ժամանակավորապես զբաղեցնում է այն։
Երեք դատավորներից կազմված կոլեգիան որոշումն ընդունել է ձայների մեծամասնությամբ՝ երկու կողմ, մեկ դեմ։ Դատարանի կարծիքով՝ նախագիծն իրականացնելու համար անհրաժեշտ է ստանալ Կոնգրեսի հավանությունը, քանի որ պետության ղեկավարն իրավասու չէ ինքնուրույն փոփոխել դաշնային սեփականության օբյեկտը։
«Յուրաքանչյուր նախագահ Սպիտակ տան և դրա նստավայրի ժամանակավոր բնակիչն է, ոչ թե սեփականատերը։ Նախագահը չունի այդ սեփականության նկատմամբ սահմանադրորեն ամրագրված լիազորություններ, որը նախատեսված է ներկայիս և ապագա պետության ղեկավարների, ինչպես նաև ամերիկյան ժողովրդի օգտագործման համար»,- ասվում է դատական փաստաթղթում։
Դատավորները հստակեցրել են, որ իրենց որոշումը շինարարության վերջնական արգելք չի նշանակում։ Նախագիծը կարող է իրականացվել Կոնգրեսից անհրաժեշտ թույլտվությունները ստանալուց հետո։
Թրամփի վարչակազմը հայտարարել է ԱՄՆ Գերագույն դատարանում որոշումը բողոքարկելու մտադրության մասին։ Ինքը՝ նախագահը, որոշումը քաղաքականապես մոտիվացված է անվանել և հայտարարել, որ այն կարող է սպառնալիք ներկայացնել ազգային անվտանգությանը։ Ըստ նրա նախագիծը պաշտպանական տարրեր, այդ թվում՝ հատուկ ամրացված կառուցվածքներ և անվտանգության օբյեկտներ է նախատեսում։
Շինարարության դեմ հայց է ներկայացրել National Trust for Historic Preservation կազմակերպությունը այն բանից հետո, երբ Թրամփի վարչակազմը ապամոնտաժել էր Սպիտակ տան պատմական արևելյան թևի մի մասը և առանց Կոնգրեսի համաձայնեցման սկսել նոր դահլիճի շինարարական աշխատանքները։
Պարահանդեսային դահլիճի կառուցման գաղափարը Թրամփը ներկայացրել է 2025 թվականին։ Ըստ նախագծի՝ մոտ 8300 քառակուսի մետր մակերեսով սրահը պետք է ձևավորվի դասական ոճով՝ սյուներով, ոսկեզօծ ջահերով և դեկորատիվ տարրերով։