Անտարկտիդայի սառցադաշտերի հալվելը հանգեցնում է սնդիկի արագացված արտազատմանը, որը կուտակվել էր սառույցներում վերջին երկու դարերի ընթացքում։ Այս եզրակացությանն են եկել գիտնականները, որոնք հետազոտության արդյունքները հրապարակել են Proceedings of the National Academy of Sciences (PNAS) ամսագրում։
Հետազոտողները վերլուծել են Անտարկտիկական թերակղզու մոտ գտնվող հատակային նստվածքները՝ այն տարածաշրջաններից մեկում, որտեղ սառցադաշտերի հալվելը ամենաարագն է ընթանում։ Պարզվել է, որ արդյունաբերական դարաշրջանի սկզբից այստեղ սնդիկի կուտակման արագությունն աճել է 160%-ով։ Աշխատության հեղինակների կարծիքով՝ Անտարկտիդան աստիճանաբար դադարում է լինել թունավոր մետաղի բնական պահոց և վերածվում է դրա աղբյուրի։
Գիտնականների հաշվարկների համաձայն՝ սառույցի հալման հետևանքով ցամաքից ներթափանցող սնդիկի ծավալն աճել է 550%-ով։ Օվկիանոսի և մթնոլորտի միջև սնդիկի փոխանակումն աճել է 350%-ով, իսկ աղտոտող նյութի տեղափոխումը օվկիանոսային հոսանքներով՝ մոտ 400%-ով, ինչը նպաստում է դրա տարածմանը Անտարկտիդայի սահմաններից շատ հեռու։
Հետազոտողները զգուշացնում են, որ սա լուրջ վտանգ է ներկայացնում ծովային էկոհամակարգերի համար։ Միկրոօրգանիզմների ազդեցության տակ սնդիկը վերածվում է բարձր թունավոր մեթիլսնդիկի, որը կուտակվում է սննդային շղթայում՝ միկրոջրիմուռներից և կրիլից մինչև ձկներ ու ծովային գիշատիչներ։ Հետազոտության հեղինակների տվյալներով՝ անտարկտիկական ձկների և շնաձկների որոշ տեսակների մոտ արդեն գրանցվել են այս վտանգավոր միացության ռեկորդային բարձր խտություններ, որոնք գերազանցում են անվտանգ մակարդակները։