ԱՄՆ փոստային ծառայությունը հայտնել է 2,5 մլրդ դոլարի վնասի մասին և նախազգուշացրել հազարավոր բաժանմունքների փակման վերաբերյալ

ԱՄՆ փոստային ծառայությունը (USPS) երրորդ ֆինանսական եռամսյակի արդյունքներով հայտնել է 2,5 մլրդ դոլարի զուտ վնասի մասին, հաղորդել է Reuters գործակալությունը։

Սա մոտ 600 մլն դոլարով պակաս է, քան անցյալ տարվա նույն ժամանակահատվածում։ Միևնույն ժամանակ, ծառայության ղեկավարությունը նախազգուշացրել է Կոնգրեսի կողմից անհապաղ միջոցների անհրաժեշտության մասին՝ ֆինանսական վիճակի հետագա վատթարացումը կանխելու համար։

ԱՄՆ գլխավոր փոստապետ Դևիդ Շթայները հայտնել է, որ առանց Կոնգրեսի աջակցության USPS-ը կարող է կրճատել ծառայությունների ծավալը, փակել հազարավոր ոչ շահութաբեր փոստային բաժանմունքներ և բարձրացնել սակագները։ Նրա խոսքով՝ ծառայությունն արդեն փորձում է թույլտվություն ստանալ հունվարին փոստային նամականիշների գնի հերթական բարձրացման համար՝ չսպասելով ավելի վաղ ծրագրված՝ 2027 թվականի հուլիսյան բարձրացմանը։

«Եթե այս տարի Կոնգրեսը քայլեր չձեռնարկի, մեր ծրագրերը, անշուշտ, պետք է նախատեսեն փոփոխություններ, որոնք կազդեն սպասարկման որակի վրա, ներառյալ մատուցվող ծառայությունների մակարդակի վերանայումը, հազարավոր ոչ շահութաբեր փոստային բաժանմունքների փակումը, ինչպես նաև գների բարձրացումը», — հայտնել է Շթայները։

Հիմնական խնդիրներից մեկը շարունակում է մնալ ամբողջ երկրում փոստի վեցօրյա առաքումը։ USPS-ը սպասարկում է մոտ 170 մլն հասցե, ինչը ծառայության վրա տարեկան 3,4 մլրդ դոլար է նստում։ Միևնույն ժամանակ, երթուղիների մոտ 70 տոկոսը վնասաբեր է։ Շահութաբեր չէ նաև 18 հազար փոստային բաժանմունքների մոտ 58 տոկոսը։

USPS-ի ֆինանսական խնդիրները խորանում են ավանդական նամակագրության ծավալների երկարաժամկետ կրճատման պատճառով՝ պայմանավորված կապի թվայնացմամբ։ 2007 թվականից ի վեր ծառայությունը կուտակել է ավելի քան 120 մլրդ դոլարի համախառն զուտ վնաս։

Հունիսին Շթայները նախազգուշացրել էր, որ USPS-ի ազատ միջոցները գրեթե սպառվել են, և ծառայությունը ստիպված է օգտագործել աշխատակիցների կենսաթոշակային խնայողությունները՝ աշխատանքը շարունակելու համար։ Մայիսին USPS-ը կասեցրել էր ոչ պարտադիր ծախսերը, ներառյալ գործուղումների, գրասենյակային պիտույքների և խորհրդատուների ծառայությունների ծախսերը, ինչպես նաև ժամանակավորապես դադարեցրել էր գործատուի վճարումները դաշնային կենսաթոշակային ծրագրին։

Հուլիսի 12-ից առաջին դասի նամականիշի արժեքը բարձրացվել է 78-ից մինչև 82 ցենտ։ USPS-ի գնահատմամբ՝ կենսաթոշակային վճարումների կասեցումը թույլ կտա խնայել 2,5 մլրդ դոլար մինչև սեպտեմբերի վերջը և հնարավոր է՝ մինչև 15 մլրդ դոլար՝ մինչև 2030 թվականը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *