Իսրայելն ու Լիբանանը համաձայնեցրել են երկրների ցանկը՝ «Հեզբոլլահի» զինաթափման վերահսկման համար

Իսրայելն ու Լիբանանը համաձայնեցրել են այն երկրների ցանկը, որոնք կարող են զինծառայողներ ուղարկել՝ վերահսկելու լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման զինաթափումը ԱՄՆ-ի միջնորդությամբ կնքված համաձայնագրի շրջանակում, հաղորդում է Reuters գործակալությունը։

Այժմ վերջնական ընտրությունը պետք է կատարի Վաշինգտոնը, հայտնել է լիբանանցի պաշտոնյան։

Reuters-ի զրուցակիցը չի բացահայտել, թե որ երկրներն են ընդգրկվել ցանկում և որքան են դրանք։ Ավելի վաղ լիբանանցի պաշտոնյան և երկու օտարերկրյա դիվանագետներ գործակալությանը հայտնել էին, որ Իսրայելն ու ԱՄՆ-ը հնարավոր մասնակիցների շարքից բացառել են Ֆրանսիային։

Ցանկը կազմվել է Լիբանանի և Իսրայելի ներկայացուցիչների միջև Հռոմում ԱՄՆ դեսպանատանը տեղի ունեցած բանակցությունների ընթացքում։ Կողմերը քննարկել են հունիսի 26-ի համաձայնագրի իրականացումը, որը Իսրայելի զորքերի փուլային դուրսբերումը Լիբանանի հարավից կապում է «Հեզբոլլահի» զինաթափման հետ։ Վերջին պայմանի կատարումը պետք է վերահսկի երրորդ մասնակիցը։

«Հեզբոլլահը» համաձայնագրի կողմ չէ և հրաժարվում է հրաժարվել իր զինանոցից։

Լիբանանցի պաշտոնյայի խոսքով՝ ԱՄՆ-ն այժմ կարող է համաձայնեցված ցանկից ընտրել մեկ կամ մի քանի երկիր։ Միևնույն ժամանակ կողմերը դեռ պետք է որոշեն օտարերկրյա ուժերի թվաքանակը, նրանց աշխատանքի կարգը և լիբանանյան բանակի հետ փոխգործակցության ձևաչափը։

Բեյրութը նախկինում մերժել էր զինաթափման անկախ վերահսկողների կարգավիճակով մասնավոր պահնորդական ընկերություններ ներգրավելու առաջարկը։ Պաշտոնյայի խոսքով՝ այժմ խոսքը բացառապես պետական կառույցների մասին է։

Քննարկվում է նաև օտարերկրյա զինծառայողների տեղակայման հարցը։ Տարբերակներից մեկը նախատեսում է նրանց ներառել Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերի (UNIFIL) կազմում, որոնց մանդատը լրանում է տարվա վերջում։ Դրա համար կպահանջվի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նոր բանաձև։ Լիբանանցի պաշտոնյայի խոսքով՝ ԱՄՆ-ն և Իսրայելն առաջին անգամ պատրաստ են դիտարկել այդպիսի տարբերակ, ինչը նա առաջընթաց է անվանել։

Միևնույն ժամանակ կողմերին չի հաջողվել համաձայնության գալ հաջորդ շրջանի վերաբերյալ, որից պետք է դուրս գան իսրայելական զորքերը։ Լիբանանն առաջարկել է դրանք դուրս բերել Բինթ-Ջբեյլից և Խիյամից՝ երկրի հարավում գտնվող երկու խոշոր բնակավայրերից, որոնք լրջորեն տուժել են իսրայելական ավիահարվածներից և ցամաքային գործողություններից։

Բանակցությունների հաջորդ փուլը նախատեսված է սեպտեմբերի սկզբին։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *