Թրամփին քննադատելու համար աշխատանքից ազատված դատախազը դատի է տվել ԱՄՆ արդարադատության նախարարությանը

Անցյալ տարի աշխատանքից ազատված դաշնային դատախազ Ուիլ Ռոզենցվեյգը դատի է տվել ԱՄՆ արդարադատության նախարարությանը՝ մեղադրելով գերատեսչությանը իր խոսքի ազատության սահմանադրական իրավունքը խախտելու մեջ՝ նախագահ Դոնալդ Թրամփի մասին քննադատական հայտարարությունների պատճառով, հաղորդել է Associated Press-ը։

Ռոզենցվեյգը նշել է, որ իրեն ազատել են 2025 թվականի սեպտեմբերին՝ Medicare բժշկական ծրագրերի հետ կապված բազմամիլիոնանոց խարդախության գործի մեկնարկից ընդամենը երկու շաբաթ առաջ։ Նրա վարկածով՝ պատճառ են դարձել նրա անձնական բլոգում տեղադրված գրառումները, որոնք հրապարակվել էին նրա դաշնային դատախազ դառնալուց դեռ շատ առաջ։

Բլոգը, որն ազատման պահին ավելի քան վեց տարի չէր թարմացվել, պարունակում էր հրապարակումներ ճանապարհորդությունների, սպորտի և այլ ոչ քաղաքական թեմաների մասին, ինչպես նաև Թրամփի և այլ քաղաքական գործիչների հասցեին քննադատական արտահայտություններ։

Ըստ հայցի՝ համացանցում մեծ լսարան ունեցող պահպանողական քաղաքական մեկնաբան Նաթալի Ուինթերսը հրապարակել է Ռոզենցվեյգի հին քաղաքական գրառումների սքրինշոթները՝ նրան անվանելով «Թրամփի երդվյալ ատող»։ Նա նաև հրապարակել է նրա LinkedIn-ի էջի սքրինշոթը և նշել արդարադատության նախարարության ղեկավարներին։

Հրապարակումից երեք ժամ չանցած՝ Ռոզենցվեյգը ստացել է աշխատանքից ազատվելու մասին ծանուցմամբ էլեկտրոնային նամակ, որը ստորագրված էր այն ժամանակվա գլխավոր դատախազ Փեմ Բոնդիի կողմից։ Այդ պահին նա ընտանիքի հետ գտնվում էր քաղաքից դուրս և նշում էր հրեական Ռոշ հա-Շանա տոնը։

Ռոզենցվեյգը հինգ տարի աշխատել է դաշնային դատախազ Մայամիում։ Հայցում նրա փաստաբանները նրան ներկայացնում են որպես բարձր որակավորում ունեցող աշխատակից, որը բազմիցս ստացել է դրական գնահատականներ և պարգևներ։ Աշխատանքից ազատելուց քիչ առաջ նրան նույնիսկ հայտնել էին, որ աշխատանքի բարձր արդյունքների համար իրեն կտրամադրեն հատուկ կայանատեղի։

Հայցում Ռոզենցվեյգը պահանջում է վերականգնել իրեն պաշտոնում, վճարել աշխատավարձն աշխատանքից ազատվելուց հետո անցած ժամանակահատվածի համար և անօրինական ճանաչել արդարադատության նախարարության որոշումը։

Նրա փաստաբանները հայտնել են, որ գերատեսչությունը դատախազին ազատել է դատական գործընթացի նախօրեին՝ Թրամփի մասին քննադատական արտահայտությունների պատճառով, որոնք նա արել էր տարիներ առաջ որպես մասնավոր քաղաքացի։

ԱՄՆ արդարադատության նախարարությունը հրաժարվել է մեկնաբանել հայցը՝ հղում կատարելով շարունակվող դատական վարույթին։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *