Վեց թռիչք մեկ գիշերվա ընթացքում․ Գերմանիայի այն բազայում, որտեղ նորոգում են Patriot-ները, դրոններ են նկատել

Գերմանական Մեհերնիխ քաղաքում Բունդեսվերի ռազմական բազայում, որտեղ նորոգում են Patriot զենիթահրթիռային համալիրները, մեկ գիշերվա ընթացքում գրանցվել են անօդաչու թռչող սարքերի մի քանի թռիչքներ, հայտնել է Süddeutsche Zeitung-ը՝ հղում կատարելով ոստիկանության գաղտնի զեկույցին։

Լրագրողների տվյալներով՝ պահպանության ընկերության աշխատակիցները տեղի ժամանակով ժամը 22:00-ից մինչև 05:00-ն նկատել են անօդաչուների վեց թռիչք։ Դեպքի վայր են ժամանել ոստիկանության աշխատակիցներ, որոնք նույնպես առնվազն մեկ անօդաչու են տեսել։ Զեկույցի համաձայն՝ սարքերից մեկը որոշ ժամանակ պտտվել է անմիջապես ժամանած ուժայինների վերևում։

Բունդեսվերի ռազմական ոստիկանները մոտ 40 մետր հեռավորությունից հետևել են անօդաչուներից մեկին, ըստ նախնական ենթադրության՝ այն կարող էր լինել Fly-380 VTOL տիպի սարք։ Այդպիսի անօդաչուների թևերի բացվածքը մոտ 3,8 մետր է, դրանք կարող են զարգացնել մինչև 150 կմ/ժ արագություն, անցնել մինչև 400 կիլոմետր ճանապարհ և կրել ավելի քան 10 կիլոգրամ բեռ։

Մեհերնիխը համարվում է Գերմանիայի ռազմական լոգիստիկայի կարևոր օբյեկտ։ Գետնի տակ՝ մոտ 130 մետր խորության վրա, գտնվում է 30 հազար քառակուսի մետր մակերեսով պաշտպանված պահեստ, որտեղ պահվում են ռազմական տեխնիկայի սարքավորումներ և պահեստամասեր։

Բացի այդ, բազայում գործում է ստորաբաժանում, որը զբաղվում է Patriot համալիրների սպասարկմամբ և նորոգմամբ։ Լրագրողներն այն անվանում են Եվրոպայում հավանաբար այդ տիպի միակ օբյեկտը։

Թե ով է կանգնած անօդաչուների թռիչքների հետևում՝ առայժմ անհայտ է։ Քննությունը չի հայտնաբերել նշաններ, որ խոսքը կարող էր լինել երթուղուց պատահաբար շեղված, երկրաչափական աշխատանքների համար օգտագործվող սարքի մասին։

Հետաքննությամբ զբաղվում են ոստիկանությունը, Հյուսիսային Հռենոս — Վեսթֆալիայի երկրամասային քրեական ոստիկանության վարչությունը և դաշնային անվտանգության ծառայությունները։ Գործին միացել են նաև Բունդեսվերի ռազմական հակահետախուզության ծառայությունը և Բեռլինում գործող Անօդաչուների դեմ պայքարի միավորված կենտրոնը։

Բունդեսվերում հաստատել են միջադեպի փաստը։ Օպերատիվ հրամանատարության ներկայացուցիչը հայտնել է, որ ընդհանուր առմամբ նկատվել է երկու անօդաչու, սակայն շարունակվող հետաքննության պատճառով հրաժարվել է հետագա մեկնաբանություններից։

Գերմանական հատուկ ծառայությունները նախկինում բազմիցս արձանագրել էին կասկածելի դրոններ ռազմական օբյեկտներում, այդ թվում՝ այն բազաներում, որտեղ պատրաստություն են անցնում ուկրաինացի զինծառայողները։ Մի շարք դեպքերում իշխանությունները կասկածում էին Ռուսաստանի հետ կապված հետախուզական գործունեության մասին, սակայն Մեհերնիխում տեղի ունեցած կոնկրետ միջադեպին Մոսկվայի առնչության ապացույցներ առայժմ չկան։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *