ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը կուբացի գործող և նախկին պաշտոնյաների շրջանում փնտրում է գործչի, որը կարող է գլխավորել երկիրը և համագործակցել Վաշինգտոնի հետ, գրել է The New York Times-ը՝ հղում կատարելով ամերիկացի գործող և նախկին պաշտոնյաներին։
Պարբերականի տվյալներով՝ խոսքն ավելի շուտ Կուբայի ղեկավարության փոփոխության մասին է,այլ ոչ թե դասական ռեժիմի փոփոխության։ Ամերիկյան հատուկ ծառայությունները փորձում են գտնել քաղաքական գործչի, որը կկարողանա իշխանությունը վերցնել Հավանայում ներկայիս ղեկավարության հեռացման դեպքում։
Սպիտակ տանը հույս ունեն Կուբայում գտնել պրագմատիկ պաշտոնյա՝ Դելսի Ռոդրիգեսի օրինակով, որը դարձել է Վենեսուելայի ժամանակավոր նախագահ՝ երկրի նախկին նախագահ Նիկոլաս Մադուրոյի՝ հունվարին ամերիկյան ուժերի կողմից գերեվարվելուց հետո։ Ամերիկյան իշխանությունները Ռոդրիգեսին համարում էին պրագմատիկ, որը կարող էր արագ վերահսկողություն հաստատել պետական ապարատի նկատմամբ և համագործակցել ԱՄՆ-ի հետ։
Սակայն ամերիկյան հետախուզությունը կարծում է, որ Կուբայում իրավիճակն ավելի շատ հիշեցնում է Իրանը, քան Վենեսուելան։ NYT-ի աղբյուրների տվյալներով՝ կուբայական ղեկավարության հնարավոր հաջորդների թվում քիչ են այն քաղաքական գործիչները, որոնց Վաշինգտոնը կարող է պրագմատիկ համարել։ Շատ հավանական թեկնածուներ կապված են ավելի կոշտ քաղաքական շրջանակների հետ։
Այս ֆոնին Թրամփի վարչակազմը վերջին շաբաթներին Կուբայի ղեկավարությանը ներկայացրել է պահանջների ցուցակ։ ԱՄՆ-ը ձգտում է կուբայական տնտեսության ազատականացման, ամերիկյան բիզնեսի հնարավորությունների ընդլայնման, ամերիկյան նավթի գնման և կղզում ռուսական ու չինական հետախուզական կառույցների գործունեության դադարեցման։ Փոխարենը Վաշինգտոնն առաջարկում է, մասնավորապես, մարդասիրական օգնության ընդլայնում և տնտեսական պատժամիջոցների մեղմացում։
Կուբայի իշխանություններն առայժմ պատրաստակամություն չեն ցուցաբերում ընդունել այդ պահանջները։ Թեև Հավանան հայտարարել է լայնածավալ տնտեսական վերափոխումների և մասնավոր ձեռնարկատիրության ընդլայնման մասին, ամերիկյան վարչակազմի գնահատմամբ՝ այդ միջոցները բավարար չեն եղել։
NYT-ը նշել է, որ Վաշինգտոնում արդեն դիտարկում են ներկայիս ղեկավարությանը փոխարինելու հնարավոր թեկնածուներին։ Նրանց թվում պարբերականը նշել է Օսկար Պերես-Օլիվա Ֆրագային՝ Ֆիդել Կաստրոյի ծոռանը, որը վերջին շրջանում սկսել է ավելի հաճախ երևալ պետական հեռուստատեսությամբ և պաշտոնական հայտարարություններում։ Սակայն ԱՄՆ-ի համար նա, հավանաբար, անընդունելի է։
Մեկ այլ հնարավոր տարբերակ կարող է լինել Ռաուլ Գ. Ռոդրիգես Կաստրոն՝ Կուբայի նախկին առաջնորդ Ռաուլ Կաստրոյի թոռը։ Նա երկար ժամանակ եղել է պապի թիկնապահը, սակայն երբեք պետական պաշտոններ չի զբաղեցրել։
Պարբերականը ևս մեկ հավանական թեկնածու է անվանում Կուբայի ներքին գործերի նախարար Լասարո Ալբերտո Ալվարես Կասասին։ ԿՀՎ տնօրեն Ջոն Ռեթքլիֆը այս տարի Կուբա կատարած այցի ընթացքում հանդիպել է ինչպես նրան, այնպես էլ Ռոդրիգես Կաստրոյին։
Ավելի վաղ ԿՀՎ-ն ստեղծել էր Կուբայի հարցերով հատուկ խումբ, ինչը, ըստ NYT-ի, վկայում է Հավանայի նկատմամբ ճնշման ավելի լայնածավալ արշավի նախապատրաստման մասին Թրամփի վարչակազմի կողմից։
Միևնույն ժամանակ, Կուբայում իշխանափոխության վերաբերյալ Վաշինգտոնի հստակ ծրագրերը մնում են անհայտ։ ԱՄՆ-ը արդեն փաստացի արգելափակել է կղզի մատակարարումները, ինչը հանգեցրել է սուր էներգետիկ ճգնաժամի։ Բացի այդ, ԱՄՆ արդարադատության նախարարությունը մեղադրանքներ է առաջադրել Կուբայի նախկին նախագահ Ռաուլ Կաստրոյին։
Սակայն, ի տարբերություն Վենեսուելայում Մադուրոյի հետ կապված իրավիճակի՝ Կաստրոյի ձերբակալությունն ինքնին չէր նշանակի ղեկավարության ավտոմատ փոփոխություն․ 95-ամյա քաղաքական գործիչը պաշտոնական պաշտոն չի զբաղեցնում, թեև զգալի ազդեցություն է պահպանում։