Ֆրանսիայի նախագահի թեկնածուն բողոք է ներկայացրել ընտրություններից առաջ ռուսական ենթադրյալ ապատեղեկատվական արշավի պատճառով

Ֆրանսիայի նախկին վարչապետ և նախագահի պաշտոնի թեկնածու Գաբրիել Ատալը բողոք է ներկայացրել 2027 թվականի նախագահական ընտրություններին ընդառաջ ենթադրյալ ռուսական ապատեղեկատվական արշավի կապակցությամբ, գրել է Politico-ն։

Ատալի փաստաբանները հայտնել են, որ ուրբաթ ներկայացված բողոքը վերաբերում է ենթադրյալ օտարերկրյա միջամտությանը, տեղեկատվության մանիպուլյացիային և կեղծված նյութերի տարածմանը, որոնք կարող են վնաս հասցնել Ֆրանսիայի հիմնարար շահերին և ազդել առաջիկա ընտրությունների արդարության վրա։

Պաշտպանների խոսքով՝ X սոցիալական ցանցում մի քանի օգտահաշիվներ, որոնց մի մասը ներկայանում էր որպես ֆրանսիական և միջազգային լրատվամիջոցներ, տարածել են կեղծ տեսանյութեր և հրապարակումներ։ Դրանցում Ատալին վերագրվել են կեղծ հայտարարություններ, որոնք նպատակ ունեին վարկաբեկել նրան որպես թեկնածու։

Այս շաբաթ ավելի վաղ Ատալը հայտնել էր, որ դարձել է Ռուսաստանից եկող ընտրություններին միջամտելու փորձի թիրախ։ Նրա խոսքով՝ նման ապակայունացնող արշավները կուժեղանան նախագահական ընտրությունների մոտենալուն զուգընթաց, որոնք կկայանան 2027 թվականի ապրիլին։

Առցանց ապատեղեկատվությանը հակազդող ֆրանսիական Viginum գործակալությունը հաստատել է, որ հայտնաբերել է Ատալի դեմ ուղղված արշավ։ Գերատեսչության տվյալներով՝ այն ունի ապատեղեկատվության տարածման ռուսամետ մեթոդներին բնորոշ հատկանիշներ։

Ատալը դարձել է ոչ առաջին ֆրանսիացի քաղաքական գործիչը, որը հավակնում է նախագահի պաշտոնին և հայտարարել է նմանատիպ հարձակումների մասին։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ ենթադրյալ ռուսական ապատեղեկատվական արշավի թիրախ է դարձել նախկին վարչապետ Էդուար Ֆիլիպը։ Վարկաբեկման փորձի մասին հայտնել էր նաև ձախակենտրոն պատգամավոր Ռաֆայել Գլյուկսմանը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *