ԱՄՆ հետախուզություն․ Պուտինը կարող է դիմել ՆԱՏՕ երկրների դեմ սադրանքների

Ամերիկյան հետախուզությունը կարծում է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարող է ավելի պատրաստ լինել սադրիչ գործողությունների դիմելուն, որոնք կարող են առնչվել ՆԱՏՕ երկրների տարածքին, հաղորդել է CBS News-ը՝ հղում կատարելով ամերիկացի պաշտոնյաներին, որոնք ծանոթ են հատուկ ծառայությունների գնահատականներին։

Ըստ նրանց՝ խոսքը կարող է վերաբերել հիբրիդային գործողություններին, կիբեռհարձակումներին և այլ քայլերի, որոնք Մոսկվային թույլ են տալիս ժխտել իր առնչությունը, սակայն չեն ենթադրում լայնածավալ ռազմական հակամարտության սկիզբ։ Ամերիկյան հետախուզությունում կարծում են, որ մի քանի ամիս առաջվա համեմատ ռուսական ղեկավարությունը սկսել է այլ կերպ գնահատել նման գործողությունների ռիսկերը։

Պաշտոնյաների խոսքով՝ Մոսկվայի ենթադրյալ նպատակը պարտադիր չէ, որ լինի ՆԱՏՕ-ի հետ լայնամասշտաբ պատերազմ սադրելը, այլ՝ ստուգել դաշինքի միասնությունն ու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի պատրաստակամությունը՝ արձագանքելու դաշնակիցներից մեկի դեմ հարձակմանը։

ԱՄՆ-ում նաև կարծում են, որ այս շաբաթվա սկզբին Լայպցիգի օդանավակայանում հայտնաբերված պայթուցիկով անօդաչուն ռուսական ծագում ունի։

Ամերիկացի պաշտոնյաները մատնանշում են նաև այլ միջադեպեր, որոնք ուժեղացրել են անհանգստությունը։ Դրանց թվում են՝ ռուսական անօդաչուների մուտքը Ռումինիայի օդային տարածք, ռուսական հրթիռի կողմից Լեհաստանի տարածքի հատումը, ինչպես նաև Եվրոպայում ենթադրյալ դիվերսիաների, կիբեռհարձակումների և այլ հիբրիդային գործողությունների հաճախացած դեպքերը։

ՆԱՏՕ գլխավոր քարտուղար Մարկ Ռյութեն և մյուս եվրոպացի առաջնորդները արդեն բազմիցս հայտարարել են, որ Ռուսաստանն ընդլայնում է հիբրիդային մեթոդների կիրառումը։ Ռյութեն անցյալ տարվա դեկտեմբերին զգուշացրել էր, որ դաշինքի երկրներն արդեն վտանգի տակ են, և Մոսկվան հինգ տարվա ընթացքում կարող է պատրաստ լինել ՆԱՏՕ-ի դեմ ռազմական ուժ կիրառել։

Ամերիկյան հետախուզության նոր գնահատականները հայտնվել են Ուկրաինայում շարունակվող մարտական գործողությունների և ռուսական զորքերի զգալի կորուստների ֆոնին։ Ամերիկացի պաշտոնյաների տվյալներով՝ Ռուսաստանը ամսական կորցնում է մոտ 30 հազար զինծառայող, կամ շաբաթական 5–7 հազար, ինչը գերազանցում է նոր մարտիկների հավաքագրման տեմպերը։

Միևնույն ժամանակ, հակամարտությունը դադարեցնելու ուղղությամբ ԱՄՆ դիվանագիտական ջանքերն առայժմ մտել են փակուղի, իսկ բանակցությունների վերսկսման հստակ ճանապարհ չկա։

ԿՀՎ-ն հրաժարվել է մեկնաբանել ամերիկյան հատուկ ծառայությունների գնահատականները։ ՆԱՏՕ-ում նույնպես առայժմ չեն պատասխանել CBS News-ի հարցմանը։ Պարբերականը մեկնաբանության համար դիմել է նաև Վաշինգտոնում Ռուսաստանի դեսպանատանը։

CBS News-ի տվյալներով՝ ամերիկյան հետախուզության գնահատականների մասին առաջինը հայտնել էր The Wall Street Journal-ը։

Իրավիճակն առանձնահատուկ նշանակություն է ստանում Հյուսիսատլանտյան պայմանագրի 5-րդ հոդվածի հետ կապված, որի համաձայն՝ ՆԱՏՕ 32 անդամներից մեկի վրա հարձակումը դիտարկվում է որպես հարձակում ամբողջ դաշինքի վրա։

Ավելի վաղ Թրամփը բազմիցս կասկածի տակ էր դրել այդ պարտավորությունների անվերապահությունը, թեև այլ դեպքերում հայտարարել էր ՆԱՏՕ դաշնակիցներին պաշտպանելու ԱՄՆ պատրաստակամության մասին։ Նրա վարչակազմը նաև ձգտում է ավելացնել եվրոպական երկրների պաշտպանական ծախսերը և վերաբաշխել անվտանգության համար պատասխանատվությունը դաշինքի ներսում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *