Հունգարիայի իշխող կուսակցությունը Գերագույն դատարանի նախկին նախագահ Անդրաշ Բակային առաջադրել է նախագահի թեկնածու

Հունգարիայի իշխող «Տիսա» կուսակցությունը երկրի նախագահի պաշտոնում առաջադրել է Գերագույն դատարանի նախկին նախագահ Անդրաշ Բակային, Facebook սոցիալական ցանցում հայտնել է կուսակցության խորհրդարանական խմբակցությունը։

Ինչպես հաղորդել է Reuters-ը, սպասվում է, որ 73-ամյա Բական երեքշաբթի օրը խորհրդարանի կողմից կընտրվի պետության ղեկավարի պաշտոնում։ Հունգարիայի նախագահը հիմնականում արարողակարգային գործառույթներ է իրականացնում, ուստի նրա ընտրությունը դիտարկվում է որպես վարչապետ Պետեր Մադյարի խորհրդանշական քայլ՝ նախկին վարչապետ Վիկտոր Օրբանի ստեղծած ազդեցության համակարգն ապամոնտաժելու ուղղությամբ։

«Տիսա» կուսակցությունը հայտարարել է, որ Բական իր ամբողջ կարիերայի ընթացքում առանձնահատուկ կարևորություն է տվել իշխանությունների տարանջատմանը, հանդես է եկել օրենքի գերակայության և դատական համակարգի անկախության օգտին։

«Մենք համոզված ենք, որ դոկտոր Անդրաշ Բակայի փորձը և ամբողջ կարիերայի ընթացքում նրա դրսևորած մասնագիտական անկախությունը էական առավելություն կդառնան այն պահին, երբ մենք պատրաստվում ենք համատեղ դնել Հունգարիայի նոր սահմանադրական կարգի հիմքերը», — ասվում է խորհրդարանական խմբակցության հայտարարության մեջ։

Ապրիլյան ընտրություններում «Տիսայի» հաղթանակը վերջ դրեց Օրբանի 16-ամյա իշխանությանը։ Մադյարը խոստացել էր վերականգնել ժողովրդավարական չափանիշները և կոչ էր արել Օրբանի կուսակցության օրոք նշանակված կամ ընտրված առանցքային պաշտոնյաներին հրաժարական տալ։

Նախկին նախագահ Տամաշ Շույոկի հրաժարականը Մադյարի գլխավոր նպատակներից մեկն էր, որը նրան անվանում էր Օրբանի «խամաճիկ»։ Անցյալ ամիս Շույոկը ստորագրել էր Մադյարի իշխող կուսակցության կողմից ընդունված սահմանադրական փոփոխությունը, որով դադարեցվում էր իր իսկ նախագահական մանդատը։

Փոփոխության համաձայն՝ նոր նախագահը պաշտոնում կմնա մինչև նոր սահմանադրության ուժի մեջ մտնելը, սակայն ոչ ավելի, քան հինգ տարի։

Բական նախկինում ղեկավարել է Հունգարիայի Գերագույն դատարանը, սակայն Օրբանի կառավարությունը նրան պաշտոնանկ արեց 2011 թվականին՝ նրա լիազորությունների ժամկետի ավարտից երեք տարի առաջ։ Ավելի ուշ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը վճռեց, որ Բական պաշտոնից հեռացվել է կառավարության հասցեին իր քննադատության պատճառով, իսկ նրա ազատումը վնաս է հասցրել երկրում ժողովրդավարական ազատություններին։ Օրբանի կառավարությունը մերժել է այս մեղադրանքները։

Բական նաև եղել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավոր։

Ընդդիմադիր «Ֆիդես» կուսակցությունը հայտարարել է, որ չի մասնակցի նախագահի ընտրության գործընթացին՝ «Տիսային» մեղադրելով ավտորիտար քաղաքականություն վարելու մեջ։ Մադյարի կուսակցությունում այս մեղադրանքները մերժել են։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *