ԱՄՆ-ն Կոլումբիային հատկացրել է մոտ 1 մլրդ դոլարի օգնություն՝ երկրի նոր նախագահի՝ աջ քաղաքական գործիչ Աբելարդո դե լա Էսպրիելյայի պաշտոնը ստանձնելուց հետո, հայտնել է BBC News-ը։
Վաշինգտոնը փաթեթն անվանել է երկու երկրների հարաբերություններում նոր «դարաշրջանի» մաս և այն կապել կազմակերպված հանցավորության ու անօրինական միգրացիայի դեմ համատեղ պայքարի հետ։
Դե լա Էսպրիելյան, որին աջակցում էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, երդվել է ուրբաթ օրը։ Արարողությունը տեղի է ունեցել ոչ թե մայրաքաղաք Բոգոտայում, այլ Կալիում՝ երկրի արևմուտքում գտնվող քաղաքում, որտեղ զինված խմբավորումները հատկապես ակտիվ են։ Վայրի ընտրությունը պետք է ընդգծեր նոր նախագահի մտադրությունը՝ վարելու կոշտ քաղաքականություն անօրինական զինված կազմավորումների դեմ։
Զինծառայողների առջև ունեցած իր առաջին ելույթում դե լա Էսպրիելյան հայտարարել է «ընդհանուր պատերազմ» այն բանի դեմ, ինչն ինքն անվանում է թմրաահաբեկչություն, և խոստացել է ջախջախել զինված խմբավորումներին, վերականգնել կարգուկանոնը և պաշտպանել ժողովրդավարությունը «բանականությամբ կամ ուժով»։
«Մեր տարածքում չի մնա ոչ մի վայր, որտեղ հանցագործները կկարողանան իրենց անվտանգ զգալ», — հայտարարել է Կոլումբիայի նախագահը։
Նա նաև խոստացել է հրաժարվել զինված խմբավորումների հետ բանակցություններից, որոնք վարում էր իր ձախակողմյան նախորդ Գուստավո Պետրոն, և կենտրոնանալ հանցավորության ուժային ճնշման ու խոշոր բանտերի կառուցման վրա։
ԱՄՆ պետդեպարտամենտը հայտնել է, որ հատկացվող միջոցները կմտնեն անվտանգության միջոցառումների փաթեթի մեջ և կօգնեն նոր վարչակազմին հասնել երկու երկրների ընդհանուր նպատակներին։ Վաշինգտոնում նաև հայտարարել են դե լա Էսպրիելյայի՝ «թմրաահաբեկչական և հանցավոր կազմակերպությունների» դեմ պայքարի ջանքերին աջակցելու պատրաստակամության մասին։
Կոլումբիայի նոր նախագահը մտադիր է էապես ամրապնդել ռազմական համագործակցությունը ԱՄՆ-ի և Իսրայելի հետ։ Պաշտոնը ստանձնելուց հետո առաջին որոշումների թվում նա հայտարարել է երկրի միանալու մասին Թրամփի հիմնած «Ամերիկաների վահան» անվտանգության գործընկերությանը։
Վաշինգտոնը ողջունել է այդ քայլը։ Պետդեպարտամենտում նաև հայտարարել են սահմանների պահպանության ոլորտում անօրինական միգրացիային հակազդելու համար համագործակցությունն ընդլայնելու մտադրության , ինչպես նաև առևտրատնտեսական կապերն ավելացնելու մասին։
Միևնույն ժամանակ, դե լա Էսպրիելյայի իշխանության գալը նշանակում է Կոլումբիայի կտրուկ քաղաքական շրջադարձ դեպի աջ՝ Պետրոյի իշխանավարման չորս տարիներից հետո, որը բազմիցս հակասության մեջ էր մտել Թրամփի հետ։ Դեռ նախընտրական արշավի ընթացքում ամերիկյան նախագահն աջակցել էր դե լա Էսպրիելյային, իսկ նրա հաղթանակից հետո հայտարարել էր, որ ակնկալում է «շատ ավելի լավ հարաբերություններ» Վաշինգտոնի և Բոգոտայի միջև։
Նոր նախագահի քննադատները մտավախություն ունեն, որ նրա առճակատող ոճը կարող է խորացնել պառակտումը առանց այն էլ բևեռացված կոլումբիական հասարակությունում։ Մինչ քաղաքականություն գալը դե լա Էսպրիելյան աշխատել է որպես փաստաբան՝ ներկայացնելով նաև թմրավաճառների, ռազմականացված խմբավորումների անդամների, ֆուտբոլիստների և խարդախության մեջ մեղադրվողների շահերը։