Լիբանանի իշխանությունները Դամասկոսի կողմից տրված ձերբակալման օրդերով ձերբակալել են սիրիական բանակի նախկին սպայի։ Նրան մեղադրում են սպանությունների և մարդկության դեմ կատարած հանցագործությունների մեջ, հայտնել է AFP-ն՝ հղում կատարելով դատական աղբյուրին։
67-ամյա Ադիլ Իսան, որը ծառայել է սիրիական բանակի 17-րդ բրիգադում տապալված նախագահ Բաշար Ասադի օրոք, ուրբաթ եկել էր Բեյրութում Սիրիայի դեսպանատուն՝ փաստաթղթեր ձևակերպելու համար։
Այն բանից հետո, երբ դիվանագիտական առաքելության աշխատակիցներն իմացել են, որ հեռակա կարգով տրվել է նրան ձերբակալելու օրդեր՝ սիրիական բանակում ծառայության ընթացքում ենթադրաբար կատարված «սպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների» առնչությամբ, նրանք դիմել են լիբանանյան իշխանություններին՝ նրան ձերբակալելու խնդրանքով։
Իսան շարունակում է մնալ կալանքի տակ։ Լիբանանի գլխավոր դատախազը սիրիական կողմից պահանջել է նրա արտահանձնման համար անհրաժեշտ փաստաթղթերը։ Դրանք ստանալուց հետո Բեյրութը կորոշի՝ հանձնե՞լ կասկածյալին Դամասկոսին, թե՞ ոչ։
2024 թվականի դեկտեմբերին Ասադի ռեժիմի տապալումից հետո սիրիական իշխանությունները ձերբակալել են տասնյակ մարդկանց, որոնց մեղադրում են 13 տարի տևած քաղաքացիական պատերազմի ընթացքում կատարված հանցագործությունների մեջ։ Ապրիլին Սիրիայում այս գործերով սկսվել են դատական գործընթացներ։