
Մեկ տարի առաջ այս օրը՝ օգոստոսի 8-ին, Վաշինգտոնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ներկայությամբ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները ստորագրեցին համատեղ հռչակագիր։ Նիկոլ Փաշինյանը և իր թիմը մեկ տարի առաջ անհավանական խոստումներ էին տալիս, խոսում էին երկարատև խաղաղության և զարգացող տնտեսության մասին: Ի՞նչ ունենք հռչակագրի ստորագրումից ուղիղ մեկ տարի անց: Արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Մարտիրոսյանը «Հրապարակի» հետ զրույցում անդրադառնալով թեմային, նկատում է.
«Դատելով առկա տեղեկատվությունից՝ կարելի է փաստել, որ նախագծի ինստիտուցիոնալ հիմքերն աստիճանաբար ամրապնդվում են։ Ստորագրվել են նոր փաստաթղթեր, հստակեցվում են համաձայնագրի առանձին դրույթներ, նշանակվել է ծրագրի ղեկավարը և հաստատվել համապատասխան բյուջե։ Այս ամենը վկայում է, որ նախապատրաստական փուլն ընթացքի մեջ է, և աշխատանքները շարունակվում են։
Միաժամանակ պահպանվում են առնվազն երկու կարևոր ինտրիգներ։ Առաջինը պայմանավորված է Իրան–ԱՄՆ ներկայիս ռազմական հակադրությամբ։ Դժվար է կանխատեսել դրա հետագա զարգացումն ու հնարավոր ազդեցությունը TRIPP-ի իրականացման վրա։ Միևնույն ժամանակ ակնհայտ է, որ Իրանի շահերն այստեղ ունեն ինչպես աշխարհաքաղաքական, այնպես էլ աշխարհատնտեսական բնույթ։ Աշխարհաքաղաքական մտահոգությունը պայմանավորված է իր անմիջական սահմանների մոտ ամերիկյան ներկայության հեռանկարով, իսկ աշխարհատնտեսականը՝ նրանով, որ TRIPP-ը կարող է մրցակցել Իրանի տարածքով անցնող «Արազ» Արևելք–Արևմուտք երթուղու հետ։ Այդուհանդերձ, ուժերի ներկայիս հարաբերակցությունը հաշվի առնելով՝ քիչ հավանական է, որ Իրանը կարողանա ինքնուրույն հակազդել ԱՄՆ-ի լայն աջակցությունը վայելող նախագծի իրականացմանը և կանխել այն։ Միաժամանակ Թեհրանի դիրքորոշումն ու տարածաշրջանային ազդեցության գործիքները կարող են ազդել նախագծի իրականացման պայմանների և ընթացքի վրա։
Երկրորդ անորոշությունը կապված է «Հարավկովկասյան երկաթուղու» հետ, որը կառավարվում է «Ռուսական երկաթուղիներ» ընկերության կողմից։ Ժամանակ առ ժամանակ շրջանառվում են տեղեկություններ այն մասին, որ Հայաստանի կառավարությունը դիտարկում է ռուսական օպերատորին այլ երկրի ընկերությամբ փոխարինելու հնարավորությունը։ Մոսկվայի դիրքորոշումը, ըստ առկա ազդակների, էապես տարբերվում է Երևանի մոտեցումից։ Հետևաբար այս հարցի հանգուցալուծումը ևս կարող է դառնալ TRIPP-ի հետագա զարգացման վրա ազդող գործոններից մեկը։
Ընդհանուր առմամբ, իմ գնահատմամբ, նախագիծն առաջընթաց է արձանագրում, և TRIPP-ը կարող է դառնալ Հարավային Կովկասում և ավելի լայն տարածաշրջանում ձևավորվող նոր աշխարհաքաղաքական ու աշխարհատնտեսական կոնֆիգուրացիայի կարևոր բաղադրիչներից մեկը։ Թեև հնչում են տեսակետներ, որ տարբեր պատճառներով նախագիծը կարող է չիրականացվել, առկա զարգացումները նման եզրակացության համար առայժմ բավարար հիմքեր չեն տալիս։
Կարևոր է նաև, որ TRIPP-ը ռազմավարական նշանակություն ունի Հայաստանի կառավարության համար։ Պատահական չէ, որ ՔՊ-ի նախընտրական ծրագրում այն ներկայացվել է որպես առաջիկա հինգ տարիների զարգացման կարևորագույն բաղադրիչներից մեկը»: