Բուքմեյքերական ընկերությունների հարկային ռեկորդները․ որքա՞ն են կազմել վճարները 2026-ին

Հայաստանում ինտերնետ շահումով խաղերի և վիճակախաղերի կազմակերպմամբ այս պահին զբաղվում է չորս կազմակերպություն` առավել հայտնի որպես բուքմեյքերական ընկերություններ։ 

«Կաբարկո» (Adjarabet), «Դիջիթեյն» (նախկինում՝ «Տոտո Գեյմինգ», TotoGaming) ՍՊԸ-ները և «Սոֆթ Կոնստրակտ» ՓԲԸ-ն (Vbet) զբաղվում են ինչպես վիճակախաղերի, այնպես էլ՝ ինտերնետ շահումով խաղերի կազմակերպմամբ։ Ինտերնետ շահումով խաղեր է կազմակերպում ևս մեկ ընկերություն՝ «Գուդ Սոֆթ» ՍՊԸ-ն (Goodwin)։

BanksNews.am-ը, ուսումնասիրելով 1000 խոշոր վճարողների ցանկը, պարզեց, որ ոլորտում ամենախոշոր հարկատուն «Դիջիթեյն» ՍՊԸ-ն է: Ըստ Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) հրապարակած վերջին տվյալների՝ 2026 թ. հունվար-հունիսին այս ընկերությունը պետական բյուջե է վճարել 17 մլրդ 911 մլն դրամ հարկ՝ զբաղեցնելով ցանկի 7-րդ հորիզոնականը: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում ընկերությունը բյուջե էր վճարել 11 մլրդ 30 մլն դրամ հարկ՝ զբաղեցնելով 10-րդ հորիզոնականը: Այսինքն՝ մեկ տարվա ընթացքում ընկերությունն ավելացրել է վճարած հարկերը:

ՊԵԿ-ի հրապարակած ցանկում «Դիջիթեյն»-ին հաջորդում է մեկ այլ բուքմեյքերական ընկերություն՝ «Սոֆթ Կոնստրակտը»: 2026 թվականի տվյալներով ընկերությունը զբաղեցրել է 8-րդ հորիզոնականը և վճարել 17 մլրդ 492 մլն դրամ հարկ։

Ոլորտի երրորդ խոշոր հարկատուն «Կաբարկո» ՍՊԸ-ն է (Adjarabet), որը 2026-ի հունվար-հունիսին վճարել է 11 մլրդ 201 մլն դրամ հարկ և զբաղեցրել 15-րդ հորիզոնականը՝ նախորդ տարվա 7 մլրդ 689 մլն դրամի փոխարեն:

Ինտերնետ շահումով խաղերի լիցենզիա ունեցող «Գուդ Սոֆթ» (Goodwin) ընկերությունը վճարած հարկերի ծավալով մի քանի անգամ զիջում է վերը նշված երեք ընկերություններին։ 2026 թվականի առաջին վեց ամիսների տվյալներով՝ «Գուդ Սոֆթ»-ը խոշոր հարկատուների ցանկում 70-րդ տեղն է զբաղեցրել։ Վճարել է 2 մլրդ 564 մլն դրամի հարկ՝ 2025 թվականի 1 մլրդ 355 մլն դրամի փոխարեն: 

Ամփոփելով՝ կարելի է արձանագրել, որ Հայաստանի բուքմեյքերական և ինտերնետ շահումով խաղերի ոլորտը շարունակում է մնալ պետական բյուջեի ձևավորման հիմնական հենասյուներից մեկը։ 2026 թվականի առաջին կիսամյակի տվյալները փաստում են ոլորտի խոշոր խաղացողների ֆինանսական ցուցանիշների և հարկային մուտքերի ակնհայտ աճի մասին․ միայն առաջատար եռյակը միասին պետբյուջե է վճարել շուրջ 46.6 միլիարդ դրամ։

Հատկանշական է, որ հարկային մուտքերի այսպիսի թռիչքաձև աճն արձանագրվում է օրենսդրական խիստ սահմանափակումների և արգելքների պայմաններում։ Վերջին տարիներին Հայաստանում էապես խստացվել են ոլորտի խաղն ու կանոնները․ ամբողջությամբ արգելվել է բուքմեյքերական ընկերությունների արտաքին, հեռուստատեսային, ռադիոյի և էլեկտրոնային լրատվամիջոցներով գովազդը, սահմանափակվել են կանխիկով լիցքավորումներն ու վճարումները, ներդրվել են նույնականացման պարտադիր մեխանիզմներ: Արդյունքում մի իրավիճակ է, երբ պետությունը մի կողմից փորձում է զսպել մոլախաղերի տարածումը, մյուս կողմից՝ շարունակում է ստանալ ռեկորդային հարկային մուտքեր մի ոլորտից, որի ազդեցությունը տնտեսության վրա փաստացի անհնարին է անտեսել:


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ո՞ր հյուրանոցն է Հայաստանի թիվ 1 հարկատուն. 1000 խոշորների ցանկի ուշագրավ տվյալները


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *