Politico․ Եվրոպայում գազի պաշարները հասել են վտանգավոր ցածր մակարդակի. Գերմանիան ձմռանը կարող է բախվել դեֆիցիտի

Եվրոպայում բնական գազի պաշարները նվազել են՝ հասնելով վտանգավոր ցածր մակարդակ, ինչը մեծացնում է ձմռանը նոր էներգետիկ ճգնաժամի վտանգը, հատկապես եթե Իրանի հետ պատերազմը ձգձգվի, իսկ ցուրտ եղանակը մեծացնի ջեռուցման պահանջարկը, գրել է Politico պարբերականը։

Միևնույն ժամանակ, Գերմանիան՝ ԵՄ-ում գազի խոշորագույն սպառողը, առայժմ մտադիր չէ ուղղակիորեն միջամտել շուկային և արագացնել պաշարների համալրումը։

Գերմանիայի ոլորտային INES ասոցիացիայի տվյալներով՝ երկրում գազապահեստարանների լցվածության մակարդակն օգոստոսին կազմել է շուրջ 47 տոկոս՝ սա վիճակագրության վարման սկզբից ի վեր ամենացածր ցուցանիշն է։ Գերմանիային բաժին է ընկնում Եվրամիության գազի պահեստավորման բոլոր հզորությունների ավելի քան 20 տոկոսը, ուստի երկրում պաշարների հետ կապված խնդիրները կարող են անդրադառնալ հարևան պետությունների վրա և հանգեցնել գների աճի ամբողջ միությունում։

INES-ում նախազգուշացրել են, որ պաշարների ներկա մակարդակը ոչ միայն բացառիկ ցածր է տարվա այս ժամանակահատվածի համար, այլև պատմական նվազագույնն է։ Վերլուծաբանների գնահատմամբ, եթե ներկա տեմպերը պահպանվեն, Գերմանիան արդեն նոյեմբերին կարող է բախվել գազի ֆիզիկական պակասի, հատկապես ցուրտ ձմռան դեպքում։

Ընդհանուր առմամբ, ԵՄ երկրների գազապահեստարանները լցված են մոտ 58 տոկոսով՝ վերջին հինգ տարվա միջին ցուցանիշից 16 տոկոսային կետով ցածր և 2011 թվականից ի վեր նվազագույն մակարդակում։ Իրանի հետ պատերազմի սկսվելուց հետո Եվրամիությունը ձմռանից առաջ պահեստարանների լցվածության նպատակային ցուցանիշը 90 տոկոսից իջեցրել է մինչև 80 տոկոս՝ ձգտելով խուսափել խուճապային գնումներից։

Ավանդաբար գազը գնում են ամռանը, երբ գներն ավելի ցածր են, իսկ հետո օգտագործում ձմռանը։ Սակայն Իրանի հետ պատերազմը, Հորմուզի նեղուցի շուրջ իրավիճակը և հեղուկացված բնական գազի նկատմամբ համաշխարհային պահանջարկի աճը փոխել են այս մոդելը։ Ամառային գները մնում են բարձր, իսկ եվրոպացի գնորդները ստիպված են մատակարարումների համար մրցել Ասիայում արագ աճող պահանջարկի հետ։

Իրավիճակը սրում են նաև ռուսական մատակարարների հետ երկարաժամկետ պայմանագրերի կրճատումը և Եվրոպայի անցումը համաշխարհային շուկայում հեղուկացված բնական գազի կարճաժամկետ գնումների։ Նման մատակարարումները նախևառաջ ուղղվում են այնտեղ, որտեղ գնորդները պատրաստ են առաջարկել ավելի բարձր գին, ինչը եվրոպական շուկան դարձնում է ավելի խոցելի արտաքին ցնցումների նկատմամբ։

Եվրահանձնաժողովը դեռևս հայտարարում է, որ ձմռանը Եվրոպային գազի դեֆիցիտ չի սպառնում։ Սակայն Rapidan վերլուծական ընկերությունը կանխատեսում է, որ մինչև նոյեմբեր եվրոպական պահեստարանները լցված կլինեն ընդամենը մոտ 65 տոկոսով։ Նույնիսկ նվազեցված նպատակային ցուցանիշին հասնելու համար, նրա գնահատմամբ, կպահանջվի գների էական աճ։

Հատկապես խոցելի է մնում Գերմանիան։ Չնայած ռեկորդային ցածր պաշարներին՝ կառավարությունը հրաժարվել է պետական էներգետիկ SEFE և Uniper ընկերություններին հանձնարարել ցանկացած գնով գազ գնել՝ պահեստարանների համալրումն արագացնելու համար։

Գերմանիայի էներգետիկայի նախարարությունում հայտնել են, որ պահեստարանների լցվածությունը ընկերությունների և թրեյդերների պատասխանատվությունն է, իսկ պետության ուղղակի միջամտությունը կարող է էլ ավելի սահմանափակել շուկան և հանգեցնել գների աճի։

Միևնույն ժամանակ, INES-ի ղեկավար Սեբաստիան Հայներմանը կարծում է, որ Գերմանիան շարունակում է կիրառել հնացած շուկայական մոտեցում մի իրավիճակում, երբ գազի գնումների տնտեսական խթանները գրեթե վերացել են։ Նա կառավարությանը կոչ է արել միջոցներ ձեռնարկել պաշարների համալրումն արագացնելու համար, մասնավորապես՝ նվազեցնել գազապահեստարանների համար ցանցային վճարները։

Փորձագետների գնահատմամբ՝ շատ բան կախված կլինի եղանակից և Հորմուզի նեղուցի շուրջ իրավիճակից։ Եթե ձմեռը ցուրտ լինի, թրեյդերները ստիպված կլինեն կարճ ժամկետում գնել գազի լրացուցիչ ծավալներ, ինչը կարող է կտրուկ բարձրացնել գները։ Եթե, ընդհակառակը, տաք եղանակը պահպանվի, Բեռլինի ներկա ռազմավարությունը կարող է ավելի քիչ ծախսատար լինել։

Միևնույն ժամանակ, նույնիսկ գերմանական պահեստարանների լցվածությունը մինչև հզորության 76 տոկոսը կարող է չերաշխավորել բավարար մատակարարումներ հատկապես ցուրտ ձմռան դեպքում։ Գերմանիայում դեֆիցիտը կարող է ազդել հարևան երկրների վրա, քանի որ Բեռլինը պարտավոր է նրանց գազով արտակարգ օգնություն ցուցաբերել։

Նիդեռլանդները, որը նույնպես հետևում է շուկայական մոտեցմանը, արդեն դիմել է պետության ուղղակի միջամտությանը․ իշխանությունները 1,2 մլրդ եվրո են հատկացրել պետական EBN էներգետիկ ընկերությանը՝ պաշարների արագ համալրումն ապահովելու համար։

Գերմանիան առայժմ մնում է իր ռազմավարությանը հավատարիմ։ Սակայն Uniper ընկերությունն արդեն նախազգուշացրել է, որ ներկա մղման տեմպերով մինչև ձմռան սկիզբ անհրաժեշտ պաշարների մակարդակին հասնելն էլ ավելի դժվար կլինի։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *