Իրանը մտադիր է վավերացնել Կասպից ծովի մասին կոնվենցիան, որը չի անդրադառնում հատակի սահմանազատմանը

Կասպից ծովի իրավական կարգավիճակի մասին կոնվենցիայի վավերացումն ու ուժի մեջ մտնելը չեն ազդի դրա հատակի և ընդերքի սահմանազատման վրա, հայտարարել է Իրանի արտաքին գործերի իրավական և միջազգային հարցերով փոխնախարար Քազեմ Ղարիբաբադին, հաղորդում է Mehr-ը։

Ըստ նրա, Կասպից ծովի հատակի և ընդերքի սահմանները պետք է որոշվեն առանձին համաձայնագրերով՝ հարակից և դեմառդեմ ափեր ունեցող պետությունների միջև։

Ղարիբաբադիի հայտարարությունը հնչել է այն ֆոնին, որ Իրանի կառավարությունը որոշել է շտապ կարգով կոնվենցիան ուղարկել խորհրդարանի քննարկմանը։ Իրանը մնում է Կասպից ծովին սահմանակից հինգ պետություններից միակը, որը մինչև այժմ չի վավերացրել փաստաթուղթը։

ԱԳՆ փոխղեկավարը նշել է, որ վավերացումը արագացնելու որոշումը պայմանավորված է երեք հիմնական գործոնով՝ Կասպից տարածաշրջանում անվտանգության իրավիճակի փոփոխությամբ, մերձկասպյան երկրների միջև տնտեսական և առևտրային համագործակցության ամրապնդման անհրաժեշտությամբ և մի շարք իրավական հարցերի լուծմամբ։

Ղարիբաբադին նշել է, որ վերջին երկու տարիներին Կասպիցի շուրջ անվտանգության իրավիճակը էապես փոխվել է, մասնավորապես՝ տարածաշրջանում Կասպից ծով ելք չունեցող պետությունների ներկայության ուժեղացման պատճառով։

Նա նաև հայտարարել է, որ կոնվենցիայի ուժի մեջ մտնելը կարող է նպաստել մերձկասպյան հինգ պետությունների տնտեսական և առևտրային համագործակցության ընդլայնմանը, այդ թվում՝ ձկնորսության, տրանսպորտի և տարանցման ոլորտներում։ Ըստ նրա, փաստաթղթի վավերացման բացակայությունը որոշ երկրների կողմից դարձել է համագործակցության մի շարք համաձայնագրերի ձգձգման պատճառներից մեկը։

Մեկնաբանելով Իրանում ընթացող քննարկումը՝ Ղարիբաբադին ընդգծել է, որ այնպիսի հարցեր, ինչպիսիք են երկրի բաժինը Կասպից ծովում, էներգետիկ ռեսուրսները, ջրի մակարդակը, ելակետային գծերը և հատակի սահմանազատումը, չպետք է խառնվեն հենց կոնվենցիայի դրույթների հետ։

Նա հայտարարել է, որ կառավարությունը հարգում է փաստաթղթի քննադատների մտահոգությունները և մտադիր է հանդիպումներ անցկացնել գիտնականների ու հետազոտողների հետ, որոնք Կասպիցի հարցերի վերաբերյալ տարբեր տեսակետներ ունեն։

Ղարիբաբադին նաև նշել է կոնվենցիայի՝ անվտանգության ոլորտին վերաբերող դրույթները։ Նրա վկայությամբ, 3-րդ հոդվածն արգելում է Կասպից ծով ելք չունեցող պետությունների զինված ուժերի ներկայությունը և նույնիսկ տարանցումը։

Մերձկասպյան երկրները նաև պարտավորվել են թույլ չտալ, որ այլ պետություններն իրենց տարածքներն օգտագործեն կոնվենցիայի մասնակիցների դեմ ագրեսիայի կամ այլ ռազմական գործողությունների համար։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *