Կիպրոսը հույս ունի ստորջրյա Cronos հանքավայրից բնական գազի մատակարարումները Եվրոպա սկսել արդեն 2028 թվականի մարտին։ Այդ մասին Associated Press-ին տված հարցազրույցում հայտարարել է երկրի էներգետիկայի նախարար Միխայիլ Դամիանոսը։
Ըստ նրա, Արևելյան Միջերկրականը արագորեն վերածվում է եվրոպական երկրների համար էներգակիրների այլընտրանքային աղբյուրի՝ Ուկրաինայում պատերազմի և Մերձավոր Արևելքում անկայունության ֆոնին, որոնք Եվրոպային ստիպում են գազի նոր աղբյուրներ որոնել։
Ֆրանսիական TotalEnergies-ը և իտալական Eni-ն հուլիսին վերջնական որոշում են կայացրել սկսել Կիպրոսի հարավային ափերի մոտ գտնվող Cronos հանքավայրի մշակումը։ Դամիանոսի վկայությամբ, սա կլինի առաջին նախագիծը, որի շրջանակում Արևելյան Միջերկրականի հանքավայրերից գազը կսկսի մուտք գործել եվրոպական շուկա։
Eni-ի և TotalEnergies-ի կոնսորցիումի ժամանակացույցի համաձայն, Cronos-ից մինչև Եգիպտոսի խոշոր Zohr հանքավայրի արդեն գոյություն ունեցող ենթակառուցվածքը ձգվող գազատարի շինարարությունը, որը գտնվում է մոտ 105 կիլոմետր հեռավորության վրա, կսկսվի մինչև տարեվերջ և կտևի մոտ 18 ամիս։
Դրանից հետո գազը կուղղվի Եգիպտոսի հյուսիսային ափին գտնվող Դումյաթի գործարան, որտեղ այն կսեղմեն՝ հետագայում տանկերներով Եվրոպա առաքելու համար։
Cronos-ի մշակումը գնահատվում է մոտ 2 միլիարդ դոլար։ Գազի տեղափոխումը Եգիպտոս ընտրվել է որպես ամենախնայող տարբերակը՝ Zohr-ի արդեն գոյություն ունեցող ենթակառուցվածքին մոտ լինելու շնորհիվ։ Կիպրոսի ջրերում գտնվող այլ հանքավայրերի մշակման այլընտրանքային արժեքը գնահատվում է մոտ երկու անգամ ավելի բարձր։
Cronos-ի պաշարները գնահատվում են ավելի քան 3 տրիլիոն խորանարդ ֆուտ գազ։ Համաձայն պայմանավորվածության, ամբողջ ծավալը պետք է մատակարարվի Եվրոպա, սակայն որոշակի պայմաններում գազի մոտ 20%-ը կարող է օգտագործվել Եգիպտոսի ներքին պահանջարկը հոգալու համար։
«Սա փոքր հանքավայր է։ Մեր երկրի եկամուտները հսկայական չեն լինելու։ Այդ պատճառով նշանակությունը ոչ թե փողի մեջ է, այլ նրանում, որ մենք սկսում ենք գազ արտադրել և ստանում ենք առաջին գազը», — հայտարարել է Դամիանոսը։
Cronos-ը Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտու հարավային ափերի մոտ հայտնաբերված վեց գազային հանքավայրերից մեկն է։
Եվս երկու հանքավայր՝ Glaucus-ը և Pegasus-ը, ըստ գնահատականների, պարունակում են մոտ 6,9 տրիլիոն խորանարդ ֆուտ գազ։ ExxonMobil-ը և QatarEnergy-ն, որոնք ստացել են դրանց մշակման լիցենզիաները, ակնկալում են Glaucus-ում և Pegasus-ում արդյունահանման սկիզբը մինչև 2033 թվականը։
Ըստ Դամիանոսի, ExxonMobil-ը մտադիր է ընդլայնել Կիպրոսի ափերի մոտ հետախուզական աշխատանքները և, ինչպես սպասվում է, կստանա ածխաջրածինների որոնման լրացուցիչ լիցենզիա։
Մեկ այլ հանքավայր՝ Aphrodite-ը, որը Կիպրոսի ափերի մոտ առաջինն է հայտնաբերվել մոտ 15 տարի առաջ, պարունակում է մոտ 5,6 տրիլիոն խորանարդ ֆուտ գազ։ Նրա մշակման վերաբերյալ Chevron-ի գլխավորությամբ համատեղ ձեռնարկության վերջնական որոշումը սպասվում է 2027 թվականի ամռանը։ Ենթադրվում է, որ գազը խողովակաշարով անմիջապես կմատակարարվի եգիպտական օբյեկտներ՝ երկրի ներքին պահանջարկը հոգալու համար։
Aphrodite հանքավայրի մի մասը գտնվում է Իսրայելի ջրերում։ Սպասվում է, որ արբիտրաժը մոտ ապագայում կսահմանի Իսրայելի բաժինը դրա պաշարներում։
Դամիանոսը նաև նշել է ֆրանսիական Meridiam ներդրումային ընկերության մասնակցությունը Great Sea Interconnector նախագծին՝ ստորջրյա էլեկտրական մալուխին, որը պետք է միացնի Կիպրոսի էներգահամակարգը եվրոպական ցանցին, իսկ հետագայում՝ Իսրայելին։
Նախարարը նշել է, որ նախագիծը կարող է վերջ դնել Կիպրոսի և Իսրայելի էներգետիկ մեկուսացմանը և դառնալ Եվրոպայի, Պարսից ծոցի երկրների և Հնդկաստանի միջև ձևավորվող էներգետիկ ու առևտրային երթուղու մաս։
Միևնույն ժամանակ, նախագծի իրականացումը բախվել է դրա արժեքի շուրջ անորոշության, որը կարող է գերազանցել նախնական 2,2 միլիարդ դոլար գնահատականը։ Սպասվում է, որ Եվրոպական ներդրումային բանկի զեկույցը, որը պետք է հրապարակվի առաջիկա ամիսներին, հնարավորություն կտա ճշտել վերջնական արժեքը։
Գործող համաձայնագրով, մալուխի շինարարության ծախսերի մինչև 63%-ը կարող է դրվել Կիպրոսում էլեկտրաէներգիայի սպառողների վրա, ինչը կարող է հանգեցնել սակագների զգալի աճի։ Երկրի իշխանությունները հույս ունեն ներգրավել լրացուցիչ մասնավոր ներդրումներ և ստանալ ԵՄ-ի լրացուցիչ ֆինանսավորում։ Եվրամիություը նախագծին արդեն 760 միլիոն դոլար է հատկացրել։