Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և պաշտպանության նախարար Իսրայել Կացը լուռ համաձայնություն են տվել Գազայի հատվածի հարավային մասում վերականգնողական աշխատանքների մեկնարկին՝ չնայած ավելի վաղ հնչեցված հայտարարություններին, թե ավերված անկլավի վերակառուցումը կսկսվի միայն ՀԱՄԱՍ-ի զինաթափումից հետո, հաղորդում է իսրայելական «Բանակային ռադիոն»։
Ապագա բնակելի ֆոնդի համար ենթակառուցվածքների կառուցում նախատեսող աշխատանքները կատարվում են Ռաֆահի արևելյան շրջանում, որը գտնվում է Իսրայելի պաշտպանության բանակի (ՑԱՀԱԼ) վերահսկողության ներքո, ՀԱՄԱՍ-ի հետ հրադադարի գիծը նշող «դեղին գծից» ոչ հեռու։
«Բանակային ռադիոյի» տվյալներով, Նեթանյահուն և Կացը աշխատանքների անցկացմանը համաձայնություն են տվել մոտ երկու շաբաթ առաջ՝ այդ մասին հրապարակավ չհայտարարելով։ Որոշումն ընդունվել է Միջազգային կայունացման ուժերի տեղակայման նախապատրաստության ֆոնին, որոնք պետք է իրենց վերահսկողության տակ վերցնեն Գազայի տարածքի մի մասը։
Ինչպես պնդում է «Բանակային ռադիոն», աշխատանքները կկատարեն պաղեստինցի կապալառուներն ու Գազայից աշխատողները՝ անվտանգության ստուգումներ անցնելուց հետո։
Իսրայելի վարչապետի գրասենյակը հաստատել է աշխատանքների մեկնարկը, սակայն հայտարարել է, որ դրանք արդեն մի քանի ամիս է իրականացվում են ԱՄԷ-ի աջակցությամբ իրականացվող ժամանակավոր կացարանների ստեղծման նախագծի շրջանակում, որոնք պետք է գտնվեն «ՀԱՄԱՍ-ի իշխանությունից դուրս»։
«Այս պահին տարածքը մաքրված է ահաբեկչական ենթակառուցվածքներից և թունելներից», — ասվում է Նեթանյահուի գրասենյակի հայտարարության մեջ։
Միևնույն ժամանակ, վարչապետի աշխատակազմի տվյալներով, էլեկտրամատակարարման, կոյուղու և ջրամատակարարման աշխատանքները չեն իրականացվելու Գազայի բնակիչների կողմից և գտնվելու են ՑԱՀԱԼ-ի վերահսկողության տակ։
Հունվարին Նեթանյահուն հայտարարել էր, որ Գազայի վերականգնումը թույլատրվելու է միայն այն բանից հետո, երբ ՀԱՄԱՍ-ը կհրաժարվի զենքից։ Իսրայելը նախկինում դեմ էր արտահայտվում խմբավորման զինաթափմանը մինչև վերակառուցման մեկնարկը, սակայն վերջերս ԱՄՆ-ի առաջարկած և Իսրայելի կողմից մերժված համաձայնությունը նախատեսում էր ՀԱՄԱՍ-ի զինաթափման հնարավոր մեխանիզմ։
«Ես արդեն լսում եմ հայտարարություններ այն մասին, թե մենք կթույլատրենք վերականգնել Գազան մինչև ապառազմականացումը։ Դա տեղի չի ունենա», — ասել էր Նեթանյահուն հունվարին։
Իսրայելի տրանսպորտի նախարար Միրի Ռեգևը, մեկնաբանելով աշխատանքների մեկնարկի մասին հաղորդումները, ռադիոկայանին ասել է, որ վերականգնումը կարող է իրականացվել Գազայի ցանկացած հատվածում, որը չի գտնվում ՀԱՄԱՍ-ի վերահսկողության տակ։
«Մենք ուզում ենք, որ Գազան վերականգնվի», — ասել է նա։