Իրանի ԱԳ նախարար․ Թեհրանը չի վերսկսի բանակցությունները Վաշինգտոնի հետ, քանի դեռ չեն դադարել հուշագրի խախտումները

Իրանի ԱԳ նախարար Աբաս Արաղչին հայտարարել է, որ Թեհրանը չի վերսկսի բանակցությունները ԱՄՆ-ի հետ, քանի դեռ Վաշինգտոնը չի դադարեցրել Իսլամաբադի փոխըմբռնման հուշագրի խախտումները և չի փոխհատուցել այդ խախտումներով պատճառված վնասը, հաղորդում է Tasnim-ը.

Կիրակի օրը Թեհրանում լրագրողների հետ զրույցում Արաղչին նշել է, որ միջնորդները շարունակում են ուղիներ որոնել բանակցությունների վերսկսման համար։

Միաժամանակ նախարարը շեշտել է, որ Իրանը հնարավորություն չի տեսնում վերադառնալու բանակցություններին, մինչև ամերիկյան կողմը չդադարեցնի հուշագրի խախտումները և չվերացնի դրանց հետևանքները։

Խոսելով Օմանի հետ Իրանի բանակցությունների մասին՝ Արաղչին հայտնել է, որ դրանք վերաբերում են Հորմուզի նեղուցում նոր ծովային երթուղու սահմանմանը։ Ըստ նրա, կողմերը գտնվում են եզրափակիչ փուլում, իսկ նոր երթուղիները պետք է փոխարինեն գործողներին։ Ներկայումս մասնագետները զբաղվում են դրանց մշակմամբ։

Արաղչին առանձին ընդգծել է, որ նոր ծովային երթուղու վերաբերյալ Օմանի հետ համաձայնագիրը չի նշանակում Հորմուզի նեղուցի բացում։

«Իհարկե, դա չի նշանակում Հորմուզի նեղուցի բացում։ Համաձայնություն կարող է ձեռք բերվել, սակայն նեղուցի բացումը կախված է մի շարք պայմաններից», — հայտարարել է նախարարը։

Ավելի վաղ Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային հայտարարել էր, որ Թեհրանը ներկայումս բանակցություններ չի վարում Վաշինգտոնի հետ։ Նրա վկայությամբ, շարունակվող միակ բանակցությունները ընթանում են Օմանի հետ և վերաբերում են Հորմուզի նեղուցով անվտանգ նավարկության ապահովմանը։

Բաղային նշել է, որ կողմերն աշխատում են նավերի անվտանգ անցման վերաբերյալ ժամանակավոր պայմանավորվածության վրա՝ ընդգծելով, որ խոսքը վերաբերում է մի հարցի, որն առնչվում է Իրանին և Օմանին՝ որպես երկու առափնյա պետությունների։

Իր հերթին, ԻՀՊԿ ներկայացուցիչ գեներալ Հոսեյն Մոհեբբին հայտարարել է, որ ռազմավարական ջրային ուղու բացումը «ընդհանրապես կապված չէ» Իրանի և Օմանի բանակցությունների հետ և կախված է նրանից, թե արդյոք ԱՄՆ-ն կընդունի Թեհրանի պայմանները։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *