Բրիտանական իշխանությունները սխալ են ճանաչել 2018 թվականից երկրում բնակվող իտալացի ինժեների մշտական կարգավիճակի տրամադրումը, ինչի հետևանքով նրա կինը կորցրել է նրա հետ միասին Մեծ Բրիտանիայում գտնվելու իրավունքը, գրում է The Guardian-ը։
33-ամյա Ֆաբիոն եկել էր Լոնդոն՝ ավարտելու իր դոկտորական ատենախոսությունը, որից հետո կարիերա է կառուցել էներգետիկայի և կլիմայի փոփոխության ոլորտում։ Brexit-ից հետո նա ստացել էր մշտական կարգավիճակ՝ ԵՄ երկրների այն քաղաքացիների կարգավիճակի տրամադրման սխեմայի շրջանակում, որոնք բնակվել են Մեծ Բրիտանիայում մինչև Եվրամիությունից երկրի դուրս գալը։
Սակայն ապրիլին ՆԳ նախարարությունը նրան հայտնել է, որ կարգավիճակը տրամադրվել է «սխալմամբ»։ Գերատեսչությունը հայտարարել է, որ Ֆաբիոյի ներկայացրած փաստաթղթերը բավարար չեն եղել՝ հաստատելու նրա իտալական քաղաքացիությունը մինչև Brexit-ի սահմանված վերջնաժամկետը՝ 2020 թվականի դեկտեմբերի 31-ը։
Միևնույն ժամանակ բրիտանական իշխանությունները չեն զրկել հենց Ֆաբիոյին բնակության իրավունքից։ Սակայն նրանք հայտարարել են, որ այժմ նա այլևս չի համարվում ԵՏԳ քաղաքացի, որը իրավունք ունի հանդես գալու որպես հովանավոր ընտանիքի անդամների համար։ Արդյունքում նրա կինը, որը նրա հետ գտնվում է Մեծ Բրիտանիայում նրա երկիր ժամանելու պահից ի վեր, զրկվել է այնտեղ բնակվելու հիմքերից՝ որպես մշտական կարգավիճակ ունեցող անձի ընտանիքի անդամ։
«Մենք ամեն ինչ անում էինք կանոնների համաձայն և միշտ մեզ այստեղ ցանկալի հյուրեր էինք զգում», — պատմել է Ֆաբիոն։ Ըստ նրա, իրավիճակը հատկապես ծանր է դարձել այն պահին, երբ ամուսինները ծրագրում էին ընտանիք կազմել և սեփական բնակարան ձեռք բերել։
Ֆաբիոն, որի անունը փոխված է, հայտնվել է առնվազն 100 մարդկանց թվում, որոնք Միացյալ Թագավորության ներքին գործերի նախարարությունից ծանուցումներ են ստացել այն մասին, որ ԵՄ երկրների քաղաքացիների կարգավիճակի տրամադրման սխեմայի շրջանակում իրենց կարգավիճակը սխալմամբ է տրվել։ Նրա գործի ստուգումը, ենթադրաբար, սկսվել է այն բանից հետո, երբ նրա կինը՝ Բրազիլիայի քաղաքացի, դիմում է ներկայացրել նույն ծրագրով կարգավիճակ ստանալու համար։
Ինքը՝ Ֆաբիոն, ծնվել է Բրազիլիայում, սակայն ծննդյան պահից ունի երկքաղաքացիություն՝ բրազիլական և իտալական։ Դիմում ներկայացնելիս նա տրամադրել էր իտալական քաղաքացիությունը հաստատող փաստաթուղթ, որը տրվել էր Իտալիայի հյուպատոսարանի կողմից։ Այժմ բրիտանացի պաշտոնյաները պահանջել են ապացուցել, որ նա Իտալիայի քաղաքացի է եղել դեռևս մինչև Brexit-ից հետո անցումային շրջանի ավարտը։
Քեմբրիջի համալսարանի ԵՄ իրավունքի պրոֆեսոր Քեթրին Բարնարդը այս դեպքը զարմանալի է անվանել և ենթադրել, որ ՆԳ նախարարության գործողությունները կարող են հանգեցնել ԵՄ քաղաքացիների համար իրավունքների երկաստիճան համակարգի ձևավորմանը։
Ըստ Բերնարդի, նման պրակտիկան կարող է հակասել Մեծ Բրիտանիայի՝ ԵՄ-ից դուրս գալու մասին համաձայնագրին, որը նախատեսում է քաղաքացիների իրավունքների պաշտպանություն։ Նա ընդգծել է, որ պետությունը չի կարող մարդու համար պահպանել իրավունքների մի հավաքածու՝ միաժամանակ նրան զրկելով դրանց հետ կապված ընտանեկան իրավունքներից։
the3million իրավապաշտպան կազմակերպությունը նույնպես նախազգուշացրել է նախկինում ընդունված որոշումների վերանայման հետևանքների մասին։ Կազմակերպության ղեկավարի պարտականությունները կատարող Մոնիկ Հոքինսը հայտարարել է, որ նման գործողությունները կարող են անդրադառնալ ամբողջ ընտանիքների վրա և հանգեցնել իրավունքների կտրուկ կորստի՝ առանց համաչափության անհրաժեշտ գնահատման։
Brexit-ի համաձայնագրի շրջանակում քաղաքացիների իրավունքների պահպանման հարցերով անկախ մոնիթորինգային մարմինը նույնպես մտահոգություն է հայտնել ՆԳ նախարարության գործողությունների վերաբերյալ։ Գերատեսչությունը ստացել է հարցում՝ նախկինում հաստատված դիմումների վերանայման և նման պրակտիկայի՝ Մեծ Բրիտանիայի՝ ԵՄ-ից դուրս գալու մասին համաձայնագրի հետ հնարավոր անհամատեղելիության վերաբերյալ հարցերով։
Ֆաբիոյի փաստաբան Մալա Սավջանին հայտարարել է, որ չի հասկանում, թե ինչու են իշխանությունները հատուկ ուշադրություն դարձնում երկքաղաքացիություն ունեցող ԵՄ քաղաքացիներին։ Ըստ նրա, ՆԳ նախարարությունը նման գործերը քննելիս երբեմն ստիպված է լինում չստուգված եզրահանգումներ անել եվրոպական այլ երկրների քաղաքացիության վերաբերյալ օրենսդրության բարդ նորմերի մասին։
Բրիտանական ՆԳ նախարարությունից հայտնել են, որ առանձին գործեր չեն մեկնաբանում, սակայն մերժել են ԵՄ-ից դուրս գալու մասին համաձայնագրի խախտման վերաբերյալ պնդումները։ Գերատեսչության վարկածով, այն մարդիկ, որոնց վերոնշյալ կարգավիճակը սխալմամբ է տրամադրվել, չեն հանդիսանում այն անձինք, որոնց իրավունքները պաշտպանվում են այդ համաձայնագրով, և պետք է ինքնուրույն ապացուցեն կարգավիճակ ստանալու պահանջներին համապատասխանելը։