Կոստա Ռիկայի Խաղաղօվկիանոսյան ափի կենտրոնական հատվածում հայտնաբերել են ծառագորտի նոր տեսակ, հաղորդել է AFP-ն։
4 սանտիմետրից պակաս երկարությամբ փոքր երկկենցաղները հիմնականում բնակվում են սուրճի պլանտացիաներում, սակայն գյուղատնտեսությունում օգտագործվող քիմիական նյութերը կարող են վտանգ ներկայացնել նրանց համար։
«Սուրճի գորտ» ոչ պաշտոնական անվանումն ստացած գորտը հայտնաբերվել է Սան Լորենսո-դե-Տարրասու շրջանում։ Հետազոտող Վագներ Չավես-Ակունան AFP-ին հայտնել է, որ խոսքը գիտության համար նոր տեսակի մասին է, որն էնդեմիկ է Կոստա Ռիկայի համար։ Հայտնագործությունն արել են Կոստա Ռիկայի համալսարանի և Արգենտինայի Գիտատեխնիկական հետազոտությունների ազգային խորհրդի մասնագետները։

Երկկենցաղները հիմնականում գիշերային կենսակերպ են վարում։ Նրանց մարմինը մուգ կանաչ գույն ունի՝ բծերով, իսկ արուներն առանձնանում են կիսաթափանցիկ կոկորդային պարկով, որը փքվում է կարճ ու բարձր՝ հարսանեկան կանչի ժամանակ։
«Գիշերը, երբ նրանք առավել ակտիվ են, կարելի է լսել նրանց կանչերը․ գորտերը նստում են սուրճի թփերի վրա», – պատմել է Չավես-Ակունան։
Գորտերը սուրճի պլանտացիաներն օգտագործում են որպես կենսամիջավայր, քանի որ այստեղ կան ստվեր, խոնավություն և սնունդ։ Միևնույն ժամանակ, նրանք չեն սնվում սուրճի հատիկներով․ նրանց սննդակարգի հիմքը կազմում են բույսերի մեջ ապրող մանր միջատները։
Հետազոտողը նախազգուշացրել է, որ պլանտացիաներում պեստիցիդների կիրառումը կարող է լուրջ վտանգ ներկայացնել նոր տեսակի համար։ Քիմիական նյութերը կարող են տարածվել օդով, ներթափանցել հողի մեջ և ի վերջո հասնել ջրամբարներ, որտեղ զարգանում են շերեփուկները։