Գիտնականները պարզել են, թե երախտագիտություն արտահայտելու որ եղանակն է ամենից ուժեղ բարձրացնում տրամադրությունը

34 երկրից ավելի քան 10 հազար մարդու մասնակցությամբ հետազոտությունը ցույց է տվել, որ երախտագիտության պրակտիկաներն իսկապես կարող են բարելավել հուզական վիճակը, բարձրացնել կյանքից բավարարվածությունը և ամրապնդել սոցիալական կապերը։ Սակայն դրանց արդյունավետությունն էապես կախված է կոնկրետ պրակտիկայից և մշակութային միջավայրից։ Աշխատանքի արդյունքները հրապարակվել են PNAS ամսագրում։

«Մեր հիմնական ընդհանուր եզրակացություններից մեկն այն է, որ առաջարկված բոլոր պրակտիկաներն աշխատեցին», — նշել է հոգեբան, Մաքքենզիի համալսարանի պրոֆեսոր և Սոցիալական և աֆեկտիվ նեյրոգիտության գիտության և տեխնոլոգիաների ազգային ինստիտուտի համակարգող Պաուլու Սերժիու Բոջիոն՝ հետազոտության բրազիլացի երկու հեղինակներից մեկը։

Գիտնականները փորձարկել են երախտագիտության զգացում առաջացնելու վեց եղանակ։ Ամենաարդյունավետը եղել է հաղորդագրություն գրելն ու ուղարկելը այն մարդուն, որին մասնակիցը շնորհակալ էր։ Ամենափոքր ազդեցությունն ունեցել է ամենահայտնի պրակտիկան՝ կազմել հինգ բաների ցանկ, որոնց համար մարդը երախտապարտ է զգում։

Մասնակիցներին նաև առաջարկվել է գրել շնորհակալական նամակ, բայց չուղարկել այն, կատարել ռեֆլեքսիա Նայկանի մեթոդով՝ կենտրոնանալով այն բանի վրա, թե մարդն ինչ է ստացել ուրիշներից, ինչ է արել նրանց համար և ինչպես կարող էր օգնել, հիշել նախորդ օրվա հինգ իրադարձություն, որոնց համար նա երախտապարտ է, և պատկերացնել կյանքն առանց դրանց, ինչպես նաև գրել շնորհակալական նամակ Աստծուն, բարձրագույն ուժին կամ հոգևոր էությանը։

«Ամենամեծ ազդեցությունն առաջանում էր, երբ գործընթացի մեջ անմիջականորեն ներգրավվում էր սոցիալական կապը։ Սոցիալական կապերի հարցն այստեղ գլխավորն է», — նշել է Բոջիոն։

Բոլոր վեց պրակտիկաներն ավելի արդյունավետ էին, քան երեք վերահսկիչ առաջադրանքները, որոնք կապված չէին երախտագիտության հետ։ Նման վարժություններից հետո մասնակիցների մոտ բարձրանում էին դրական հույզերի մակարդակը, սոցիալական փոխադարձության զգացումը, կյանքից բավարարվածությունը և լավատեսությունը, իսկ բացասական հույզերն ու նախանձը, ընդհակառակը, նվազում էին։

Միևնույն ժամանակ, արդյունքները նկատելիորեն տարբերվում էին՝ կախված երկրից։ Ամենամեծ ազդեցությունը դիտվել է Մեքսիկայում, մինչդեռ Նորվեգիայում պրակտիկաները գրեթե չեն ազդել մասնակիցների հուզական վիճակի վրա։ Բրազիլիան զբաղեցրել է միջանկյալ դիրք։

Հետազոտողները տարբերությունները կապում են մշակույթի առանձնահատկությունների հետ, այդ թվում՝ սոցիալական կոշտության կամ ճկունության աստիճանի, իշխանական հեռավորության և կրոնականության մակարդակի հետ։ Որոշ ազդեցություններ, այնուամենայնիվ, գրեթե համընդհանուր են եղել, օրինակ՝ դրական հուզական ֆոնի բարձրացումը։

Բոջիոյի խոսքով՝ երախտագիտությունն ունի արտահայտված սոցիալական գործառույթ։ Այն մեծացնում է հավանականությունը, որ մարդն ինքը կօգնի ուրիշներին, ընդ որում՝ պարտադիր չէ հենց նրան, ով իրեն ծառայություն է մատուցել։

«Սա մարդկանց միջև փոխօգնության պարույր է ստեղծում, և պարտադիր չէ, որ դա լինի այն պատճառով, որ մարդն ակնկալում է ստանալ անմիջական օգուտ», — բացատրել է գիտնականը։

Երախտագիտությունը կարող է նաև ստեղծել բարին բարով հատուցելու անհրաժեշտության զգացում։ «Մեր «շնորհակալություն»-ը կարելի է տարբեր կերպ հասկանալ։ Տարբերակներից մեկն այն է, որ մենք զգում ենք փոխադարձությամբ պատասխանելու, ուրիշ մարդու համար ինչ-որ լավ բան անելու, նրան մատուցված ծառայությունը վերադարձնելու պարտավորություն», — ասել է Բոջիոն։

Այժմ գիտնականները մտադիր են պարզել, թե արդյոք հնարավոր է բարձրացնել նման պրակտիկաների արդյունավետությունը՝ օգտագործելով կոնկրետ մշակույթներին հարմարեցված մեթոդներ։ «Ինչպե՞ս երախտագիտություն առաջացնել Նորվեգիայում։ Իսկ Ճապոնիայո՞ւմ»՝հարցնում է հետազոտողը՝ նշելով այն երկրները, որտեղ առաջարկված պրակտիկաները թույլ արդյունք են տվել։

Հեղինակներն ընդգծել են, որ հետազոտությունը կարևոր է նաև այն պատճառով, որ երախտագիտության մասին աշխատանքների մեծ մասը մինչ այժմ իրականացվել է արևմտյան երկրներում, առաջին հերթին՝ ԱՄՆ-ում։

Այս ոլորտի հետազոտությունների մոտ կեսը բաժին է ընկնում ամերիկյան գիտական աշխատանքներին, մինչդեռ նոր նախագիծը հնարավորություն է տվել համեմատել մարդկանց արձագանքները մշակույթների զգալիորեն ավելի լայն շրջանակից։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *