Իմ պատկերացմամբ անվտանգությունը պետության և հասարակության կարողությունն է՝ կանխատեսելու, կանխելու և չեզոքացնելու արտաքին և ներքին սպառնալիքները, նվազեցնելու ռիսկերը, ապահովելու պետական կառավարման և հանրային ծառայությունների մատուցման անընդհատությունը, արագ վերականգնվելու ճգնաժամերից հետո և շարունակելու զարգացումը։ Այս մասին Ազգային ժողովի նիստում պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական խորհրդարանական հանձնաժողովի նախագահի ընտրության հարցի քննարկման ընթացքում օգոստոսի 10-ին հայտարարել է այդ պաշտոնի թեկնածուն՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը։
Նրա խոսքով՝ հանձնաժողովը պետք է դառնա խորհրդարանական հարթակ, որտեղ կմիավորվեն պետական մարմինների փորձը, մասնագիտական համայնքի գիտելիքները, տեխնոլոգիական և մասնավոր հատվածների ներուժը, ինչպես նաև հանրության համար առավել կարևոր հարցերն ու մտահոգությունները։
«Հանձնաժողովի գործունեությունը պետք է կառուցվի երեք փոխկապակցված հենասյուների վրա՝ որակյալ օրենսդրական աշխատանքի, արդյունավետ խորհրդարանական վերահսկողության, ինչպես նաև մասնագիտական և ինստիտուցիոնալ զարգացման», – ավելացրել է Գաբրիելյանը։