Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան պատրաստվում են անոմալ շոգի հինգերորդ ալիքին

Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան պատրաստվում են սեզոնի ընթացքում արդեն հինգերորդ շոգի ալիքին, որը համալրում է ծայրահեղ ջերմաստիճանների շարքը, որոնք մայիսից ի վեր բազմիցս պատել են Եվրոպան։

Ֆրանսիայի ազգային օդերևութաբանական կենտրոնը՝ Météo-France-ը, նախազգուշացնում է, որ երեքշաբթիից երկրի հարավ-արևելքում օդի ջերմաստիճանը կմոտենա 40°C-ի։

Երեքշաբթիից սկսած Անգլիայի տարածքի մեծ մասում գործում է եղանակային վտանգի դեղին-նարնջագույն մակարդակ, քանի որ շաբաթվա ընթացքում ջերմաչափի սնդիկը կարող է բարձրանալ մինչև 36°C։

«Բարձր ճնշման կայուն գոտիները պահել են շոգը Արևմտյան Եվրոպայի վրա, իսկ ծայրահեղ ջերմաստիճաններն ուժեղացրել են լայնածավալ երաշտը։ Քանի որ հողերը չորանում են, դրանք կորցնում են բնական սառեցման ունակությունը, ինչը թույլ է տալիս, որ շոգն ավելի արագ կուտակվի», — պարզաբանել է Եվրոպական միջնաժամկետ եղանակային կանխատեսումների կենտրոնի կլիմայական ռազմավարության բաժնի ղեկավար Սամանթա Բերջեսը (Samantha Burgess)։

Դեռ մայիսին սկսված շոգը հրահրել է լայնածավալ բնական հրդեհներ (այդ թվում՝ Ֆրանսիայի հարավ-արևմուտքում պատմական հրդեհը, որի պատճառով տարհանվել է 220 000 մարդ), երկարատև երաշտ (Անգլիայի կեսը և ամբողջ Ուելսը տուժում են երաշտից) և ազգային ջերմաստիճանային նոր ռեկորդներ։

Ֆրանսիայի հանրային առողջապահության գործակալության տվյալներով՝ միայն հունիսին երկրում գրանցվել է առնվազն 5 700-ով ավելի մահ, քան սովորական ժամանակաշրջանների միջին ցուցանիշն է։ Եվրոպայում մայիսյան վաղ շոգի ալիքը նույնպես կարող էր ավելի քան 10 000 մարդու մահվան պատճառ դառնալ։

Հունիսի 23-ին Ֆրանսիայում գրանցվել է դիտարկումների ողջ պատմության ամենաշոգ օրը (մինչև 44,3°C՝ հարավ-արևմուտքում)։

Հունիս-հուլիս ժամանակահատվածում Արևմտյան Եվրոպայում միջին ջերմաստիճանը հասել է 21,62°C-ի՝ գերազանցելով 2022 թվականի նախորդ ռեկորդը։

Copernicus ծառայության տվյալներով՝ հուլիսին բևեռային գոտիներից դուրս ջրի մակերևույթի միջին ջերմաստիճանը հասել է ռեկորդային 20,96°C-ի՝ գերազանցելով 2023 թվականի ցուցանիշը (20,89°C)։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *