Moody’s միջազգային հեղինակավոր վարկանշավորող գործակալությունը, Հայաստանի սուվերեն վարկանիշի հեռանկարի բարձրացմանը զուգահեռ, բարձրացրել է նաեւ Նաիրի Ինշուրանս ապահովագրական ընկերության վարկանիշը՝ շնորհելով Ba3՝ կայուն հեռանկարով։
Ինչպես Moody’s-ն է մեկնաբանում վարկանիշի բարձրացումը, Ընկերության ապահովագրական ֆինանսական կայունության վարկանիշի բարձրացումը B1-ից մինչեւ Ba3, ինչպես նաեւ դրա կայուն հեռանկարը, արտացոլում են բարելավված գործառնական միջավայրը, ինչպես նաեւ Ընկերության ակտիվների որակի, կապիտալի բավարարության եւ շահութաբերության ամրապնդումը։
Նշվում է, որ ինչպես 2025թ-ի տարեկան, այնպես էլ 2026թ-ի առաջին կիսամյակի արդյունքներով՝ Նաիրի Ինշուրանսն առաջատարն է հավաքագրված ապահովագրավճարների ծավալով։ Ընկերությունից հիշեցնում են, որ Նաիրի Ինշուրանսն առաջին անգամ Mood’s-ից վարկանիշ է ստացել 2023թ.-ին՝ B1՝ կայուն հեռանկարով (B1 with a stable outlook)՝ դառնալով հայաստանյան ապահովագրական շուկայում առաջին եւ մինչ օրս միակ ապահովագրական ընկերությունը, որն ունի վարկանիշ միջազգային հեղինակավոր գործակալության կողմից։
«Վարկանիշի բարձրացումը ոչ միայն Նաիրի Ինշուրանսի գրանցած ֆինանսական կայուն արդյունքների, թափանցիկ գործունեության, դինամիկ զարգացման, արդյունավետ ռազմավարության գնահատականն է, այլեւ կարեւոր հիմք է շարունակելու Ընկերության զարգացման այս ճանապարհը՝ միաժամանակ զարգացնելով եւ ամրապնդելով մեր երկրում ապահովագրական մշակույթն ու ծառայությունները»,- ասվում է հաղորդագրությունում: