«Հրապարակ». Հովհաննես Սահակյանի ձերբակալությունը ոչ իրավաչափ է ճանաչվել

Վերաքննիչ քրեական դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել խորհրդարանական ընտրությունների շեմին Ռուսաստանից Հայաստան եկած Հովհաննես Սահակյանի ձերբակալությունը։ Այս մասին «Հրապարակ»-ին ասաց Սահակյանի պաշտպան Կարինե Մարգարյանը։ Փաստաբանի խոսքով՝ այդ որոշումից բխում է, որ մյուս գործողությունները եւս պետք է ոչ իրավաչափ ճանաչվեն։

Հիշեցնենք, որ «Շանթ»-ի հետ զրույցում ընտրությունների առիթով Երեւան ժամանած Հովհաննես Սահակյանն ասել էր, որ Մոսկվայից եկել են մասնակցելու քվեարկությանը եւ նույն օրը պատրաստվում են վերադառնալ։ «Մոսկվայից եկել ենք ընտրենք, երեկոյան 7-ին հետ ենք վերադառնում»,- ասել էր նա։ Լրագրողի հարցին՝ նույն օ՞րը, ասել էր. «Անպայման, կարող ա խառնվի վիճակը, երեխեքի հետ ենք, չմնանք, էլի, բարդություններին»։

Այս արտահայտությունն իշխանությունների վրդովմունքն էր հարուցել, օրվա ընթացքում մարդուն թիրախավորեցին, իսկ երեկոյան իրավապահներին ուղարկեցին օդանավակայան` ձերբակալելու քվեարկելու համար Հայաստան եկած, իր սահմանադրական իրավունքն իրացնել փորձող քաղաքացուն: Սահակյանն օդանավակայանից կապվել էր Հրանտ Մելիք Շահնազարյանի հետ, ասել, որ մեկնումից առաջ` օդանավակայանում ձերբակալում են իրեն։ Ավելի ուշ տեղեկացանք, որ մեղադրանք է առաջադրվել հանցագործության մասին չհայտնելու հոդվածով, եւ խափանման միջոց է ընտրվել երկրից չբացակայելու ստորագրությունը։ Հ. Սահակյանին շուրջ երկու ամիս է՝ պահում են Հայաստանում, թույլ չեն տալիս մեկնել ընտանիքի մոտ, իր բնակության երկիր:

«Հենց այս փուլում, որպես այդպիսին, չկան գործիքակազմեր՝ դրա առումով կիրառելու, սակայն դատաքննության ժամանակ պիտի քննության առարկա դարձվեն դրա արդյունքում կատարված մնացած գործողությունները, որոնք բխել են ձերբակալումից։ Իհարկե, իմ կողմից բողոքներ ներկայացվել են դատախազին՝ բացակայելու արգելքը վերացնելու համար, որը, բնականաբար, մերժվել է»։

Կարինե Մարգարյանը, անդրադառնալով իր պաշտպանյալի՝ ՀՀ-ում կարծես թե «պատանդառվելու» վերաբերյալ տեսակետին, նշեց, որ Հովհաննես Սահակյանը եկել էր Հայաստան՝ մոր ծնունդը նշելու․ «Ինչպես նաեւ կապը Հայաստանի հետ ինտենսիվ է, այնպես չէ, որ եկել էր միայն ընտրությանը մասնակցելու, մարդն աշխատում է ՌԴ-ում, այնտեղի քաղաքացի է, ՀՀ-ում մայրն է գտնվում, որին պարբերաբար այցելում է։ Ստացվում է՝ ստեղծվել է մի իրավիճակ, որ մարդը զրկվել է իր աշխատանքից եւ տեւական ժամանակահատված մի անհեթեթ մեղադրանքի արդյունքում չի կարողանում գնալ այն երկիր, որտեղ ապրում է, որի քաղաքացին է»։
Փաստաբանի խոսքով, եթե մտածենք ռեալ՝ որպես իրավաբան, ապա այս գործը դատարան չպետք է գնա, քանի որ «ապրելու» հեռանկար չունի, բայց ունենք իրավիճակ, երբ շատ ավելի անհեռանկար գործեր են դատարան հասնում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *