
Նիկոլ Փաշինյանը պարբերաբար Ֆեյսբուքի իր էջում ցուցադրում է իր վերցրած ՀԴՄ կտրոնները։ Մինչդեռ Երևանում մթերային փոքր խանութների տերերը հաճախ դժգոհում են, երբ գնորդները վճարում են անկանխիկ, բանկային քարտով։ Նրանցից մեկից տեղեկացա, որ բանն այն է, որ այդ խանութներն իրենց մատակարարներից ստացած ապրանքների դիմաց հաճախ վճարում են կանխիկ գումարով, ուստի իրենց կանխիկ գումար է հարկավոր։ Այնպես չէ, որ իրենք դեմ են անկանխկին գործարքներին, սակայն ապրանքներ մատակարարողները նախընտրում են կանխիկը:
Բացի այդ, պտուղ-բանջարեղենի խանութները գյուղմթերքները հաճախ գնում են Արարատի մարզի Գայ և Հայանիստ համայնքների մոտ գտնվող Մեյմանդարի մեծածախ շուկայից, որտեղ բոլոր վճարումները կանխիկ են արվում։ Նիկոլ Փաշինյանը տարիներ առաջ հայտարարեց Հայաստանում ՀԴՄ-ների «դիկտատուրայի» հաստատման մասին, սակայն հայաստանյան իրականությունն այլ է։