Օգոստոսի 2-ին գումարվել է նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստը, և արդեն ձևավորվել է խորհրդարանի ղեկավար կազմը։ ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվել է Ռուբեն Ռուբինյանը:
Հատկանշական է, որ Միջխորհրդարանական միության պաշտոնական էջը ընտրությունից հետո հանդես է եկել հայտարարությամբ՝ տեղեկացնելով, որ 1990 թվականի մարտի 8-ին ծնված Ռուբեն Ռուբինյանը, ստանձնելով այս պաշտոնը, դարձել է աշխարհի խորհրդարանների ամենաերիտասարդ նախագահը։
BanksNews.am-ն այս անգամ կանդրադառնա ԱԺ նորընտիր նախագահին:
2 անշարժ գույք, պարտատոմսեր և աճող եկամուտներ
Ռուբեն Ռուբինյանը, ով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակով առաջին անգամ պատգամավոր էր ընտրվել 2021 թվականի հունիսի 20-ին, իսկ նույն թվականի օգոստոսի 3-ին ստանձնել ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնը, ըստ հաշվետու տարվա հայտարարագրի՝ ունի 2 անշարժ գույք՝ բնակարան Երևանում և ավտոկայանատեղի, որոնք ձեռք է բերել 2024 թվականին՝ գնման եղանակով։ Տրանսպորտային որևէ միջոց Ռուբինյանը չի հայտարարագրել։
Նորընտիր ԱԺ նախագահը 2025 թվականին ձեռք է բերել նաև պարտատոմսեր, որոնցից մեկի արժեքը հաշվետու տարվա վերջում կազմել է 6 մլն 59 հազար դրամ, իսկ մյուսինը՝ 4 մլն 91 հազար դրամ։
Ֆինանսական միջոցների մասով նշված է, որ նրա բանկային ավանդներից մեկը տարվա սկզբի 2 մլն 500 հազար դրամից աճել է՝ հասնելով 5 մլն դրամի, իսկ մյուս ավանդը (5 մլն դրամ) նվազել է մինչև 0 դրամ։ Բանկային հաշիվների մնացորդը տարվա սկզբում կազմել է 2 մլն 784 հազար դրամ, իսկ տարվա վերջում՝ 1 մլն 453 հազար դրամ։
Ռուբինյանի`հաշվետու տարվա եկամուտները նույնպես աճել են՝ կազմելով 22 մլն 847 հազար դրամ՝ նախորդ տարվա 17 մլն 373 հազար դրամի դիմաց։
Դինամիկան՝ նախորդ տարիների համեմատ
Համեմատության համար նշենք, որ 2023 թվականի հայտարարագրով Ռուբինյանի ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը տարեվերջի դրությամբ կազմել էր 32 մլն 057 հազար դրամ, որը Երևանի նոր բնակարանի հիփոթեքային վարկի մնացորդն էր։
Այդ տարի նրա բանկային հաշիվների մնացորդը կազմում էր 10 մլն 396 հազար դրամ, իսկ եկամուտները՝ 17 մլն 483 հազար դրամ։ Եկամուտներից 14 մլն 051 հազար դրամը եղել է ԱԺ աշխատակազմից ստացված աշխատավարձը, 2 մլն 860 հազար դրամը՝ ՀՀ Ֆինանսների նախարարությունից ստացված եկամտահարկի վերադարձը (հիփոթեքի մարման նպատակով), իսկ 570 հազար դրամը՝ վարկ Ինեկոբանկից։ Այդ ընթացքում նա վարկերի մարմանն ուղղել էր 3 մլն 609 հազար դրամ, իսկ անշարժ գույքի վերանորոգմանը՝ 11 մլն 406 հազար դրամ։
Կնոջ եկամուտները
Ռուբեն Ռուբինյանի կինը՝ Մարիամ Հաջի-Հակոբյանը, ևս աշխատել է ՀՀ Ազգային ժողովում՝ որպես գլխավոր մասնագետ։ Այժմ նա գտնվում է ֆիզարձակուրդում, և Ռուբինյանը վերջերս իր հարցազրույցներից մեկում նշել է, որ հնարավոր է կինն այլևս չվերադառնա աշխատանքի։
Նախորդ հաշվետու տարում Մարիամ Հաջի-Հակոբյանն ԱԺ աշխատակազմից որպես աշխատավարձ ստացել է 4 մլն 461 հազար դրամ։ Բացի այդ, այլ եկամուտներում հայտարարագրվել էր 2 մլն 650 հազար դրամ և 900 ԱՄՆ դոլար, որոնք ստացվել էին հարսանեկան արարողության հյուրերից։