Լիբանանը դարձավ առաջին արաբական երկիրը, որտեղ մահապատիժը փոխարինվեց ցմահ ազատազրկմամբ

Լիբանանի խորհրդարանը վերացրեց մահապատիժը՝ այն փոխարինելով ցմահ ազատազրկմամբ՝ հարկադիր աշխատանքներով։ Այսպիսով, Լիբանանը դարձավ առաջին արաբական երկիրը, որը հրաժարվել է բարձրագույն պատժաչափից, հաղորդում է Associated Press-ը։

Երկրում 2004 թվականի հունվարից գործում է մահապատժի իրականացումների ոչ պաշտոնական մորատորիում։ Միաժամանակ, անցած տարիներին լիբանանյան դատարանները տասնյակ նման դատավճիռներ են ընդունել, որոնք հետագայում կասեցվել են կամ փոխարինվել պատժի այլ տեսակներով։

128 տեղ ունեցող խորհրդարանի պատգամավորների մեծամասնությունը կողմ է քվեարկել մահապատժի վերացմանը։ Դեմ է հանդես եկել «Հըզբոլլահ» շարժման խորհրդարանական դաշինքը։

Լիբանանի արդարադատության նախարար Ադել Նասսարը, որը ներկա էր խորհրդարանի նիստին, որոշումն անվանել է երկրի համար «պատմական քայլ»։

Մարդու իրավունքների պաշտպանության կազմակերպությունները, որոնք նախկինում կոչ էին անում պաշտոնապես ամրագրել մահապատժի մորատորիումը կամ ամբողջությամբ վերացնել այն, ողջունել են խորհրդարանի որոշումը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *