«Հրապարակ»․ Բոլորը մահացել են, միայն Վիգեն Ավետիսն է ողջ մնացել, որ այդ մասին պատմի

Իտալահայ քանդակագործ Վիգեն Ավետիսը նախորդ ամիս հարցազրույց էր տվել եւ ասել, որ Գագիկ Ծառուկյանը մի քանդակագործի գցել է առյուծների վանդակը, որից հետո նա մահացել է: Այդ հարցազրույցը մեծ աղմուկ բարձրացրեց, մանավանդ արդեն Ծառուկյանին կալանավորել էին, եւ սա շատ նման էր «եզն ընկավ` դանակավորը շատացավ» իրավիճակին, ուստի մարդիկ դատապարտում էին իշխանամետ Ավետիսին` հերթական ծառայությունն իշխանություններին մատուցելու համար: Եվ հարցնում էին` ով է եղել այդ մահացածը, ինչու անունը չի նշում Վիգեն Ավետիսը: Հետո նա նորից հարցազրույց տվեց եւ ասաց, որ չի հիշում այն քանդակագործի անունը, որը մահացել է։ «Ինձ պատմել է մի քանդակագործ, որի հայրն էլ քանդակագործ էր եւ աշխատել է Աբովյանի եկեղեցու քանդակների վրա։ Այնտեղ աշխատել է քանդակագործների խումբ։ Ինձ պատմել են, որ վճարումը շատ վատ է եղել, որոշներին ընդհանրապես չի էլ վճարել։ Նրանցից մեկը, որ պահանջել է վճարումը, գցել են վանդակը։ Հիմա հետաքրքրվում ենք, որ այդ անունը գտնենք, որովհետեւ այդ մարդը, որը պատմել է, տարիքով էր, մահացել է։ Պատմողն աշխատել է այդ եկեղեցու վրա, նրա գործընկերներից մեկին են գցել վանդակը, որը վախից հիվանդություն է ստացել ու վանդակից դուրս գալուց հետո մահացել»,- պատմել էր Վիգեն Ավետիսը:

Մենք կապվեցինք նրա հետ եւ հետաքրքրվեցինք, թե տեղյա՞կ է, որ իր այդ հայտարարությունից հետո Գագիկ Ծառուկյանի փաստաբանական թիմը զրպարտության համար հայց է պատրաստել, որ դիմի դատարան, ինչպես նաեւ հայտարարել են հանցագործության մասին հաղորդում ներկայացնելու իրենց մտադրության մասին։

– Արդեն իրավապահներից ստացել եմ նամակ, սակայն դեռ այն չեմ վերցրել, բայց, ամենայն հավանականությամբ, դատական գործ կհարուցվի, որովհետեւ ինձ հետ կապ էր հաստատել իր մի փաստաբան` Ծառուկյանի փաստաբանական թիմից, եւ պնդել էր, որ եթե իմ ասածները չհերքեմ, ինձ դատի կտան։ Ես, բնականաբար, իմ ասածները չեմ հերքել, հավանաբար՝ ինձ դատի կտան: Ինչո՞ւ հերքեմ, եթե ասել եմ այն, ինչ լսել եմ: Ես չեմ հիշում այն մարդու անունը, որին գցել էին առյուծի վանդակը, այդ մարդը մահացել է: Ինձ պատմողը նույնպես մահացել է:

– Եթե նման բան է տեղի ունեցել, որտե՞ղ են այդ մարդու հարազատները, ընտանիքի անդամները, ինչո՞ւ նրանք չեն բարձրաձայնում այդ մասին:

– Իհարկե, ունի հարազատներ եւ ընտանիք, իրավապահները պիտի գնան, փնտրեն, գտնեն ու պարզեն: Ես ասել եմ այն, ինչ լսել եմ:

– Ծառուկյանի թիմից հիշեցնում են, որ Դուք մասնակցել եք Հիսուս Քրիստոսի արձանի մրցույթին: Եթե Ծառուկյանն այդքան վատն էր, եթե նրան այդ աստիճան չեք համակրում, ինչո՞ւ էիք նրա հայտարարած մրցույթին մասնակցում:

– Իրենք են ինձ առաջարկել: Նախ առաջարկեցին, որ լինեմ արձանի ընտրության ժյուրիի կազմում, ես մերժեցի: Մերժեցի, որովհետեւ վստահ էի, որ իմ անունն օգտագործելով, իրենց ուզած աշխատանքն էին ընտրելու: Այդ ժամանակ ինձ առաջարկեցին, որ ուղղակի մասնակցեմ մրցույթին, իսկ ես արդեն ունեի Հիսուսի արձան, որը 2008 թվականին նվիրել էի կաթողիկոսին: Ես այն վերցրի Էջմիածնից, մրցույթին ներկայացրի, բայց ես գիտեի, որ ձեւական մրցույթ է լինելու:

– Այսինքն` Դուք լավ հարաբերություններ եք ունեցել նաեւ կաթողիկոսի հետ եւ նրան անգամ արձան եք նվիրել տարիներ առաջ:

– 2008 թվականին եմ նվիրել: Այն կոչվում է «Սուրբ հոգու գալուստը», ես այն հատուկ եմ նվիրել, որպեսզի սուրբ հոգին խոսի կաթողիկոսի հետ: Կաթողիկոսն ինձ պատվիրեց, որպեսզի Նարեկացու հուշարձանը պատրաստեմ, բայց ժամանակները փոխվեցին, մեր հարաբերությունները վատացան, եւ ես այդ արձանը չպատրաստեցի: Ես կաթողիկոսի հետ ունեի շփում մինչ այն պահը, երբ նա կանգնեց Ռոբերտ Քոչարյանի կողքին: Նա գնաց դատարան եւ պահանջեց բաց թողնել Քոչարյանին: Արցախցի նախագահների հետ միասին գնացել էին դատարան` նույն պահանջով:

– Մեկը Քոչարյանին է աջակցում, մյուսը` Նիկոլ Փաշինյանին, չե՞ք կարծում, որ դա մարդու ազատ ընտրությունն է:

– Կաթողիկոսը չպետք է լինի կողմնակալ:

– Լա՞վ է, ուրա՞խ եք, որ նրան դատում են:

– Բոլոր հանցագործները պիտի դատվեն, կաթողիկոս կլինի, թե Լեւոն Տեր-Պետրոսյան:

– Եթե չկա դատարանի վճիռ, ինչո՞ւ եք կաթողիկոսին հանցագործ անվանում:

– Ես նրան չեմ ասում հանցագործ, բայց պետք է պարզել եւ օրինազանցներին պատժել:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *