Le Monde․ Ադրբեջանի ռեժիմի ռեպրեսիվ մեքենան հասել է TikTok-ի օգտատերերին

Ադրբեջանի ռեժիմի ռեպրեսիվ մեքենան ամռանը լայնորեն տարածեց իր ցանցերը․ Բաքուն անցավ TikTok-ի այն օգտատերերի նկատմամբ ռեպրեսիաների, որոնք հետևում են լրագրողներին և ընդդիմադիր գործիչներին։ Այդ մասին գրում է Le Monde-ը։

Վերջին երկու տարիներին ընդդիմության և անկախ լրագրողների դեմ խիստ ռեպրեսիաներից հետո այժմ հերթը հասել է ապաքաղաքական գործիչներին, որոնք ենթարկվում են զանգվածային ձերբակալությունների մի ռեժիմի կողմից, որը ձգտում է լռեցնել քաղաքացիական հասարակությանը։

Հուլիսի վերջին և օգոստոսի սկզբին այս նախկին խորհրդային հանրապետության իշխանությունները, որի բնակչությունը կազմում է գրեթե 10 միլիոն մարդ, որոնց ճնշող մեծամասնությունը մուսուլմաններ են, վարչական վարույթի շրջանակում ձերբակալել են TikTok սոցիալական ցանցի մոտ տասը հայտնի բլոգերի։ Դատարանը նրանց դատապարտել է ազատազրկման՝ երկու շաբաթից մինչև մեկ ամիս ժամկետներով։

Ադրբեջանական ռեպրեսիվ ապարատի ղեկավարները հայտարարել են, որ ձերբակալությունները պայմանավորված էին «հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով», «հասարակական բարոյականությունը վիրավորելով» և վարքագծով, որը գնահատվել է որպես «ազգային և բարոյական արժեքներին հակասող»։

Ծայրահեղ պահպանողական այս հռետորաբանությունը արտացոլում է ադրբեջանական իշխանության էվոլյուցիան, որը 1993 թվականից մենաշնորհված է Ալիևների կլանի կողմից։ Թեև 2003 թվականից իշխանության ղեկին գտնվող Իլհամ Ալիևը չի հանդուրժում քաղաքական այլակարծություն, նա ձգտում է իր երկիրը ներկայացնել որպես աշխարհիկ հանրապետություն՝ ի հակադրություն Իրանին, խնամքով ձևավորելով մի կերպար, որը հակադրվում է իր թուրք գործընկերոջ և ամենամոտ դաշնակից Էրդողանի կերպարին։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *