iScience-ում հրապարակված հետազոտության հեղինակները պնդում են, որ մոծակների յուրաքանչյուր տեսակ ունի մարդկանց իր «տեսակը»։ Հետազոտության ընթացքում ստուգվել է, թե մոծակների երեք տեսակները՝ դեղին տենդի մոծակը (Aedes aegypti), ասիական վագրային մոծակը (Aedes albopictus) և հարավային տնային մոծակը (Culex quinquefasciatus), որքանով են ձգվում Ֆլորիդա նահանգի Մայամի քաղաքում ապրող 119 մարդու հոտով։
Մոծակները իրենց զոհերին գտնում են՝ կողմնորոշվելով ազդանշանների համադրությամբ՝ ածխաթթու գազ, մարմնի հոտ, ջերմություն, խոնավություն և տեսողական հուշումներ։ Մարդու հոտն ինքնին չափազանց բարդ քիմիական խառնուրդ է, որը պարունակում է հարյուրավոր ցնդող միացություններ։ Այդ միացությունների տարբերությունները, որոնց մի մասը արտադրվում կամ ձևափոխվում է մաշկի վրա ապրող բակտերիաների կողմից, օգնում են մոծակներին տարբերել մարդկանց միմյանցից։
Գիտնականները պարզել են, որ որոշ մարդիկ չափազանց գրավիչ են եղել միանգամից մոծակների մի քանի տեսակների համար, սակայն հետազոտության ոչ մի մասնակից ամենագրավիչը չի եղել բոլոր երեք տեսակների համար, հաղորդում է Euronews-ը։ Այլ կերպ ասած՝ եթե մարդը հատկապես «դուր է գալիս» մի տեսակի, դա ամենևին չի նշանակում, որ նա նույնքան ուժեղ կգրավի նաև մյուսին։
Դեղին տենդի մոծակը փոքր-ինչ նախընտրություն է ցուցաբերել տղամարդկանց նկատմամբ և կապված է եղել որոշակի ցնդող միացությունների ու մաշկային բակտերիաների հավաքակազմերի հետ, մինչդեռ ասիական վագրային մոծակն ավելի պատրաստակամ է արձագանքել կետոնների բարձր պարունակությանը և «բուսական» ցնդող միացություններին, որոնք մաշկը բնական կերպով արտազատում է։ Հարավային տնային մոծակն ակտիվ է գիշերը և ձգվում է բակտերիաների, սնկերի և մանրէների մանրադիտակային էկոհամակարգով, որոնք բնական կերպով ապրում են մարդու մաշկի վրա։