ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը նախատեսում է առնվազն 900 մլն դոլար ծախսել Սպիտակ տան տարածքում իրականացվող շինարարական ծրագրերի վրա։ Այս գումարը զգալիորեն գերազանցում է նախկինում հայտարարված նախնական արժեքը։
Ինչպես գրում է The Washington Post-ը՝ վկայակոչելով ներքին փաստաթղթեր, ծախսերի մեծ մասը նախատեսվում է կատարել պետական միջոցների հաշվին։
Պարբերականի տվյալներով՝ վարչակազմը ֆինանսավորումն ուղղակիորեն Կոնգրեսից չի ստացել։ Փոխարենը միջոցներ են հավաքագրվել այլ պետական գերատեսչություններից և մասնավոր դոնորներից։ Այնուհետև այդ գումարները փոխանցվել են մի հաշվեհամարի, որտեղ սովորաբար պահվում է նախագահի նստավայրի պլանային պահպանման համար նախատեսված մի քանի միլիոն դոլարը։
Փաստաթղթերի համաձայն՝ վարչակազմը նախատեսում է այդ հաշվից միջոցներ օգտագործել Սպիտակ տան արդիականացման ծրագրերի համար։
Ավելի վաղ The Washington Post-ը հայտնել էր, որ Թրամփի նախաձեռնած հանդիսությունների սրահի կառուցման կանխատեսվող արժեքը հասել է 600 մլն դոլարի։
ԱՄՆ նախագահը նախկինում պնդում էր, որ իր վաղեմի երազանքը համարվող նախագծի իրականացման համար պետական բյուջեից ոչ մի ցենտ չի ծախսվի։ Նրա խոսքով՝ ամբողջ նախագիծը ֆինանսավորելու են կորպորատիվ հովանավորները, այդ թվում՝ Amazon-ը, Apple-ը, Booz Allen Hamilton-ը և Caterpillar-ը։
Սակայն փաստաթղթերից պարզ է դարձել, որ նախագծի ֆինանսավորման համար 307 մլն դոլար պետք է հատկացվի դաշնային աղբյուրներից։
ԱՄՆ առաջին նախագահ Ջորջ Վաշինգտոնի նախաձեռնությամբ ընտրված Սպիտակ տունը սկսել է կառուցվել 1792 թվականին՝ ճարտարապետ Ջեյմս Հոբենի նախագծով։ Վաշինգտոնն անձամբ էր ընտրել շենքի կառուցման վայրը։ Շինարարությունն ավարտվել է 1800 թվականի նոյեմբերի 1-ին, և նույն օրը Սպիտակ տուն է տեղափոխվել ԱՄՆ երկրորդ նախագահ Ջոն Ադամսը։
1814 թվականին հրդեհից հետո շենքը վերակառուցվել է 1815-1817 թվականներին։