ԱՄՆ-ում կործանիչները Թրամփի այցի ընթացքում սահմանափակումները խախտած քաղաքացիական ինքնաթիռ են որսացել

ԱՄՆ ռազմաօդային ուժերի կործանիչները որսացել են քաղաքացիական ինքնաթիռ, որը խախտել էր թռիչքների ժամանակավոր սահմանափակումները Օհայո նահանգի Ջենևա քաղաքի շրջանում, որտեղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մասնակցում էր երիտասարդական մարզական միջոցառման, հաղորդում է CBS News-ը։

Ինչպես հայտնել են Հյուսիսամերիկյան օդատիեզերական պաշտպանության հրամանատարությունից (NORAD), միջադեպը տեղի է ունեցել երեքշաբթի տեղական ժամանակով մոտ 18:15-ին։ F-16 կործանիչները կիրառել են ազդանշանային հրթիռներ՝ խախտող ինքնաթիռի օդաչուի ուշադրությունը գրավելու համար։

Դրանից հետո քաղաքացիական ինքնաթիռն անվտանգ կերպով դուրս է բերվել սահմանափակումների գործողության գոտուց։

NORAD-ում ընդգծել են, որ ազդանշանային հրթիռները կիրառվում են անվտանգության առավելագույն պահանջների պահպանմամբ, արագ և ամբողջությամբ այրվում են և վտանգ չեն ներկայացնում գետնի վրա գտնվող մարդկանց համար։ Միաժամանակ դրանք կարող էին տեսանելի լինել շրջանի բնակիչներին։

Թռիչքների ժամանակավոր սահմանափակումները սահմանում է ԱՄՆ Դաշնային քաղաքացիական ավիացիայի վարչությունը (FAA), իսկ դրանց վերաբերյալ տեղեկություններն օդաչուներին փոխանցվում է հատուկ ծանուցումների միջոցով։ NORAD-ը և FAA-ը օդաչուներին կոչ են արել յուրաքանչյուր թռիչքից առաջ ստուգել համապատասխան ծանուցումները։

Ջենևայի վրա սահմանափակումները մտցվել էին Օհայո Թրամփի այցի կապակցությամբ՝ Patriot Games 2026 երիտասարդական մարզական մրցաշարին մասնակցելու համար։

Նմանատիպ միջադեպեր տեղի էին ունեցել նաև հանգստյան օրերին Նյու Ջերսի նահանգի Բեդմինսթերում, որտեղ գտնվում է Թրամփի գոլֆ-ակումբներից մեկը։ Երկու թեթևաշարժիչ ինքնաթիռ խախտել էին ժամանակավոր սահմանափակումները, որից հետո դրանք ևս որսացվել էին NORAD-ի կործանիչների կողմից և ուղեկցվել փակ գոտու սահմաններից դուրս։

FAA-ը տարբեր պատճառներով սահմանում է թռիչքների ժամանակավոր սահմանափակումներ, ներառյալ՝ բարձրաստիճան քաղաքական գործիչների մասնակցությամբ խոշոր միջոցառումների ժամանակ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *