Մեծ Բրիտանիայի վարչապետն առաջարկել է քննարկել մեկանգամյա մանղալների արգելքը՝ անտառային հրդեհների պատճառով

Մեծ Բրիտանիայի իշխանությունները քննարկում են անտառային հրդեհների առաջացման վտանգի պատճառով մեկանգամյա մանղալներն արգելելու հնարավորությունը՝ անոմալ շոգի պայմաններում, գրում է The Guardian-ը։

Մեծ Բրիտանիայի վարչապետ Էնդի Բերնեմը Սթիվենիջ կատարած այցի ընթացքում հայտարարել է, որ կառավարությունն «անշուշտ կքննարկի» նման արգելք սահմանելու հնարավորությունը։

Վարչապետի գնահատմամբ՝ երկրի հարավում բնական հրդեհների լուրջ խնդիրը պահպանվում է։ Առանձնահատուկ անհանգստություն է առաջացնում Նյու Ֆորեսթի շրջանում բռնկված հրդեհը։ Հրդեհներ տեղի են ունեցել նաև երկրի հյուսիսային շրջաններում և վերջերս՝ Սաֆոլքում։

Բերնեմը նշել է, որ այդ հրդեհներից շատերը կարող էին առաջացած լինել մեկանգամյա մանղալների օգտագործման պատճառով։

«Մենք պետք է մարդկանց բարձրաձայն ու հստակ տեղեկացնենք, որ այժմ բաց տարածքներում նման մանղալներ օգտագործել չի կարելի»,- հայտարարել է նա։

Վարչապետը բնակիչներին կոչ է արել բնության գրկում գտնվելու ընթացքում ցուցաբերել առավելագույն զգուշություն, հատկապես ծխախոտների և մեկանգամյա մանղալների նկատմամբ, որոնք, ըստ նրա, հրդեհների առաջացման լրացուցիչ վտանգ են ստեղծում։

Բերնեմը պետք է գլխավորի կառավարության COBRA կոմիտեի արտակարգ նիստը՝ նվիրված ծայրահեղ շոգին և դրան առնչվող ռիսկերին։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *